«Որքան շուտ հստակեցվեն Հայաստանի եվրասիական հեռանկարները, այնքան շուտ կհստակեցվեն եվրոպական ուղղությամբ ՀՀ հնարավորությունները»

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո հունիսի 23-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրվել էր հասարակական-քաղաքական քննարկում՝ «Երևանի եվրասիական ընտրությունը և Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Քննարկման շրջանակներում հատուկ զեկույցով հանդես եկավ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Ստորև ներկայացնում ենք Հմայակ Հովհաննիսյանի զեկույցն ամբողջությամբ:

Ձերդ Գերազանցություն Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ մեծարգո պարոն Անրի Ռենո, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք Հայաստանի քաղաքագետների միության վարչության և գիտխորհրդի անունից ողջունել այս քննարկումների նախաձեռնությունը: Հուսով եմ, որ քննարկումների ընթացքում կգերիշխի ոչ թե ինքնանպատակ առճակատումների, այլ ճշմարտության որոնման մթնոլորտը, որի հիմքում ընկած է հայտնի վոլտերյան սկզբունքը. ես կարող եմ չկիսել ձեր տեսակետը, բայց պատրաստ եմ նույնիսկ կյանքիս գնով պաշտպանել այն անկաշկանդ արտահայտելու ձեր իրավունքը:
Քսանհինգ տարի առաջ, երբ փլուզվեց ամբողջատիրական հասարակարգը, և բացվեց երկաթյա վարագույրը, մենք հնարավորություն ստացանք վերադառնալու մեր եվրոպական ակունքներին: Ասելով՝ «մենք», ես նկատի ունեմ ոչ միայն՝ իմ հարազատ հայ ժողովրդին, որը իր աշխարհասփյուռ մասով երբեք էլ չի կտրվել Եվրոպայից, այլ նաև խորհրդային այն ժողովուրդներին, որոնք ցարական Ռուսաստանի կազմում՝ Ռոմանովների եվրոպականացված ընտանիքի տիրակալության ներքո հաղորդակից են եղել եվրոպական մշակութային արժեքներին: Նրանք նույնպես՝ մեզ հետ միասին, հնարավորություն ստացան վերադառնալ եվրոպական արժեհամակարգին, որի ազդեցության դաշտից դուրս էին մնացել XX-րդ դարի ընթացքում:

Որքան մեծ էր երկաթյա վարագույրից ձերբազատված ժողովուրդների զարմանքը, երբ նրանք եվրոպացիների հետ առաջին իսկ շփումների արդյունքում հայտնաբերեցին, որ իրենց պատմական հիշողության մեջ տպավորված Եվրոպային այսօր եկել է փոխարինելու մուլտիկուլտուրալիզմի, մշակութային և կրոնական սինկրետիզմի ազդեցությամբ անճանաչելի դարձած ժամանակակից մոդեռնիստական և պոստմոդեռնիստական Եվրոպան: Պարզվեց, որ Շեքսպիրի, Բայրոնի, Գյոթեի, Բեթհովենի, Բախի, Հեյնեյի, Կանտի, Մոցարտի, Ռուսոյի, Շատոբրիանի, Ստենդալի, Հյուգոյի, Բալզակի, Պասկալի Եվրոպան այլևս գոյություն չունի: Մշակութային ինքնությամբ հայտնի ավանդական Եվրոպային եկել է փոխարինելու Եվրամիություն անվան տակ անընդհատ ընդլայնվող մի կոնգլոմերատ, որի դիմանկարը գնալով ավելի ու ավելի է աղճատվում եվրոպական երկների ներսում մուլտիկուլտուրալիստական գետտոնների բուռն աճով:

«Եվրոպայի առևանգումը» վերտառությամբ իր հայտնի էսսեում, որը հրապարակվել է 1948 թվականին, XX-րդ դարի ամենամեծ մտածողներից մեկը՝ Ալբեր Քամյուն, մատնանշել էր Եվրոպային սպառնացող հիմնական վտանգը: Քամյուի բնութագրմամբ՝ դա ընդլայնվելու, բնական չափերն անցնելու, նորանոր տարածքներ նվաճելու և բնական հավասարակշռությունը խախտելու մոլուցքն է, որն անխուսափելիորեն հեռացնում է ժամանակակից Եվրոպան չափավորության և ներդաշնակության հին հունական տեսլականից: «Մեր մոլագարության ծայրահեղություններում,- գրում էր Քամյուն,- մենք երազում ենք վերագտնել հավասարակշռությունը, որը վաղուց արդեն կորցրել ենք, սակայն սեփական տգիտության բերումով հույս ունենք վերանվաճել այն մեր մոլորությունների վերջում: Ինչպիսի՜ մանկամիտ ինքնասիրահարվածություն, և ամենևին էլ պատահական չէ, որ մեր խելագարություններից սերված մանուկ ժողովուրդներն են ուղղորդում մեր այսօրվա պատմությունը»:
Գուցե սա պատմական պարադո՞քս է, սակայն 70-ամյա երկաթյա վարագույրը մեզ զերծ է պահել այն մոդեռնիստական և պոստմոդեռնիստական անկումային զարգացումներից, որոնք դեռ անցած դարում բնութագրել են Օսվալդ Շպենգլերը և Ալբեր Քամյուն, և որոնք հեռացրել են ժամանակակից Եվրոպան ավանդական եվրոպական քրիստոնեական արժեհամակարգից:

Ահավասիկ մենք այսօր հնարավորություն ունենք գնալու ոչ թե եվրոպական քաղաքակրթությունը փակուղի մտցրած մուլտիկուլտուրալիզմի, մշակութային և կրոնական սինկրետիզմի, այլ ավանդական եվրոպական քրիստոնեական արժեհամակարգի զարգացման ուղիով:

Հայաստանը եզակի երկիր է՝ իր ազգային-կրոնական միատարրությամբ և ավանդապաշտական ներուժով: Պատահական չէ, որ հայկական լեզվամտածողության, սովորույթների ու ավանդույթների մեջ էին փնտրում եվրոպական ինքնության ակունքները Ջորջ Բայրոնը, ով ձգտում էր տիրապետել հայերենին, կամ Ժան-Ժակ Ռուսոն, ով ցուցադրաբար շրջում էր հայկական ազգային տարազով՝ ի նշան այն համոզմունքի, որ հենց հայկականությունն է ունակ ապահովել մարդու ներդաշնակությունը բնության և տիեզերքի հետ:

Ինչպես ժամանակին Նոյը, այնպես էլ այսօր առևանգված Եվրոպան կարող է փրկվել ոչ թե գումիլյովյան տափաստաններում կամ բրուսելյան երկնաքերներում, այլ հայկական լեռնաշխարհում, այս սրբազան հողում, այս եզակի միատարր և ավանդապաշտ ժողովրդի գրկում: Հայ ժողովրդին Աստված պահպանել է եվրոպական քրիստոնեական ավանդական արժեհամակարգը մոդեռնիստական և պոստմոդեռնիստական քայքայումից փրկելու նպատակով: Այդ հարցում ֆրանսիացիները մեր բնականոն դաշնակիցներն են: Դրա ապացույցը Ֆրանսիայում վերջին համապետական ընտրությունների արդյունքներն են, որոնք վկայում են, որ ֆրանսիացիները մերժում են մուլտիկուլտուրալիզմը, մշակութային և կրոնական սինկրետիզմը՝ հանդես են գալիս սեփական ազգային մշակութային ինքնությունը վերագտնելու օգտին:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, եվրոպական կառույցներին, ապա մեր ժողովուրդը խորը հիասթափություն է ապրում դրանցից, քանզի սկզբից՝ 90-ական և զրոյական թվականներին, մեծ հույսեր էր տածում դրանց նկատմամբ: Կարո՞ղ էի ես, ով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական մշտական պատվիրակության կազմում ներկայացնում էր իշխող «Միասնություն» դաշինքը, նախապատրաստել էր 2001թ. Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և մասնակցել էր ԵԽ-ի առջև մեր Եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությանը, կարո՞ղ էի ես պատկերացնել, որ տարիներ անց՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, ԵԽ դիտորդական առաքելությունը չի բարեհաճի նույնիսկ հետաքրքրվել, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրությունների ժամանակ հարձակվեցին պատգամավորության թեկնածուի վրա, արգելափակեցին նրա մուտքը ընտրական շտաբ, հետո կեղծ մեղադրանքով իմ դեմ քրեական գործ հարուցեցին, իսկ հետո, երբ ժողովրդի քվեով ընտրվեցի ԱԺ պատգամավոր, ինչպես գրեց մամուլը, ինձ առևանգեցին և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով ստիպեցին հրաժարվել պատգամավորական մանդատից:

Կարո՞ղ էի ես պատկերացնել, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որի ստեղծումը ԵԽ-ին մեր երկրի անդամակցության կարևորագույն արդյունքն էր, դառնալու է ոչ այլ ինչ, քան խեղկատակային ատյան, որի որոշումները գրոշի արժեք չեն ունենալու և բացահայտ անտեսվելու են չինովնիկների կողմից: Կարո՞ղ էի ենթադրել, որ Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի մուտքի ավերման և գրասենյակի ռեյդերական զավթման փորձերին դիմակայելու պահին օմբուդսմենը ձեռքերը վեր բարձրացնելով՝ կխոստովանի. «Եթե ես իմանամ, որ վաղը քեզ սպանելու են գրասենյակիդ շեմքին, ոչնչով չեմ կարող օգնել»:

Պետգույքի կառավարման վարչության պետը՝ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, որը օմբուդսմենի կողմից հրապարակված տարեկան՝ 2012 թվականի զեկույցի տվյալներով կոպտորեն խախտել է իմ սեփականության իրավունքը և փաստորեն ուղղորդել է Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի ավերումը և զավթման փորձերը, առ այսօր թքած ունի թե՛ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ քաղաքացու սեփականության սահմանադրական իրավունքի վերականգնման օրինական պահանջների վրա:

Ինչ վերաբերում է հայաստանյան դատարաններին և դատավորներին, ապա դրանց կարգի հրավիրելու գործում եվրոպական կառույցների ջանքերը ոչ մի դրական տեղաշարժի անցած տարիներին չեն բերել: Այս անմխիթար վիճակը, բացահայտ կոռուպցիան, երբ Պետգույքի կառավարման վարչության պետն ակնհայտորեն փայ է մտնում և մասնակցում է ոչ կառավարական կազմակերպության նստավայրի ռեյդերական զավթման նախօրոք մշակված հանցագործ ծրագրի իրագործմանը, ոչ մի հավատ, ոչ մի հույս չեն թողնում եվրոպական կառույցների աջակցությամբ իրավիճակը դեպի լավը փոխելու հարցում:

Մարդիկ այլևս չեն հավատում ո՛չ եվրաինտեգրման, ո՛չ էլ եվրասիական ինտեգրման գովազդվող օգուտներին: Բոլորին պարզ է, որ ինտեգրացիոն ծրագրերի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունը պայմանավորված է ոչ թե ազգային շահերի հաշվառմամբ, այլ իշխանությունն ամեն գնով պահելու և Հայաստանի քաղաքացիներին անպատիժ թալանելու ձգտումներով: Բոլորը հասկանում են, որ աշխարհաքաղաքական կենտրոնները երաշխավորում են այս խաղի կանոնները, և ամենքն իրենց կողմից փորձում են Հայաստանի քաղաքացիների իրավունքների անտեսման հաշվին վարչախմբից ինչ-ինչ աշխարհաքաղաքական օգուտներ կորզել:

Ուժային կենտրոններից և ոչ մեկին այսօր ձեռնտու չէ Հայաստանում կառավարման պատշաճ մակարդակի ապահովումը. քանի դեռ երկիրը հստակ կողմնորոշման չի հանգել. խորտակվողների փրկությունը խորտակվողների գործն է: Այդ իսկ պատճառով ստեղծված պայմաններում ցանկացած որոշակիություն անորոշությունից լավ է. որքան շուտ հստակեցվեն Հայաստանի եվրասիական հեռանկարները, այնքան շուտ կհստակեցվեն եվրոպական ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս