Բաժիններ՝

Ազատ Արշակյանը՝ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանի տեղադրման մասին. «Այդ ավագանին անվստահելի է, նրա բոլոր որոշումները հարկավոր է լուրջ քննարկել»

Երեկ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ընդունվեց Համազասպ Բաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում տեղադրելու մասին որոշումը: Այդ նախաձեռնության դեմ էին միայն «Բարև Երևան» խմբակցության անդամները: Օրինակ, «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց հարցը դնել հանրային քննարկման, որից հետո որոշում կայացնել. «Որոշ ժամանակ առաջ մենք մի փոքր հապշտապ Միկոյանի արձանը տեղադրելու հետ կապված որոշում ընդունեցինք, որը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիմա եկել է ևս մեկ խնդրահարույց պահ, քանի որ Համազասպ Բաբաջանյանն էլ հայտնի է Հունգարիայում տեղի ունեցած իրադարձությունների ճնշման փաստով»,- երեկ ավագանում նիստի ժամանակ նշեց Ա. Մարտիրոսյանը:

168.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես ասաց, որ անպայման անհրաժեշտ է նախ և առաջ հանրային քննարկում անցկացնել. «Նախ այն պատճառով, որ դա օրենքն է պահանջում, որ պետք է անցկացվի հասարակական քննարկում, երկրորդ, որ այդ ավագանին անվստահելի է: Նրա բոլոր որոշումները հարկավոր է լուրջ քննարկել: Նրանք կարող են անորակ որոշումներ կայացնել: Ես կարծում եմ՝ եթե հասարակական քննարկումից հետո մեր ժողովուրդը որոշի, որ որևէ մեկի հուշարձանն ուզում է ունենալ իր մայրաքաղաքում, անկախ նրանից՝ ես համաձայն եմ, թե ոչ, և այդ հուշարձանը կունենա գեղարվեստական արժեք, թե չի ունենա, մենք պետք է հարգենք հասարակության պահանջը:

Այդ իմաստով շատ նորմալ կլինի, որ հենց Բաբաջանյանի արձանը տեղադրվի՝ անկախ նրանից, որ նա Հունգարիայում է ծառայել, Սովետական միությանն է ծառայել, չգիտեմ, Օսմանյան կայսրությանը: Եթե մեր հասարակությունը, դրա կարիքը զգում է, հարկավոր է դնել, բայց քննարկումից հետո»:

Ըստ Ա. Արշակյանի՝ եթե քննարկում կազմակերպեն, ծանոթանան տվյալ մարդու գործունեությանը, նրա նկարագրին ու գտնեն, որ նա դաստիարակող, օրինակելի մարդ է, մեզ համար հերոս է, մեր ժողովուրդը հենց այդպիսի հերոսի կարիք է զգում, ուզում է նմանվել նրան, ուրեմն՝ կարելի է տեղադրել:

Մեր այն հարցին՝ Ձեր կարծիքով Համազասպ Բաբաջանյանը համապատասխանո՞ւմ է իր մատնանշած կերպարին, որի արձանը կարելի է դնել, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ես ուզում եմ ընդհանրապես տարբեր պետություններում ծառայած հայ զինվորականների մի ծառուղի լինի, որտեղ մենք կիմանանք՝ աշխարհի տարբեր բանակներում հայ զինվորն ինչ հաջողությունների է հասել՝ անկախ այն երկրի կատարած դերից պատմության ընթացքում: Այ, օրինակ, նման ծառուղու գաղափարին ես դեմ չեմ լինի: Եթե լինի, ես կքվեարկեմ՝ անկախ նրանից՝ նա ծառայել է կարմիր բանակո՞ւմ, Վերմախտո՞ւմ, թե՞ թուրքական բանակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս