ԲՀԿ-ն առաջարկում է սպասել մինչև 2017թ. և քվեարկել իր օգտին
Երեկ խորհրդարանում ավարտվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը:
Այս հարցում խորհրդարանական ուժերի դիրքորոշումը հայտնի է. ՀՀԿ-ն կողմ է այս փոփոխության անցկացմանը, քանի որ այն ներկայացնում է կառավարությունը, իսկ քառյակը և ՕԵԿ-ը դեմ են, քանի որ համարում են, որ օրենքի այս փոփոխությամբ պարտադիր բաղադրիչը մնում է. աշխատավարձից պահումները կատարվելու են` անկախ ձևակերպումներում կատարված փոփոխություններից:
Մինչև երեկ անհայտ էր ԲՀԿ-ի դիրքորոշումը, բայց երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2017թ. ԲՀԿ-ն քառյակի իր գործընկեր կուսակցությունների հետ կձևավորի խորհրդարանական մեծամասնություն և կփոխի օրենքի այն դրույթները, որոնք իրենք անընդունելի են համարում: Հովհաննիսյանը դա համարեց նաև նախընտրական խոստում: Վճարեք մինչև 2017թ., եթե այդ ժամանակ կքվեարկեք մեր օգտին` մենք կփոխենք օրենքը, եթե ոչ` կշարունակեք մուծել. ահա ԲՀԿ-ի ուղերձը հայ աշխատավորությանը:
Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին քառյակը 12 կետանոց հայտարարություն-պահանջագիր էր տարածել, որի առաջին կետը վերաբերում էր պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելուն: Իր պահանջները կատարելու համար քառյակն իշխանությանը ժամանակ էր տվել մինչև սեպտեմբերի 30-ը: Արդյո՞ք Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի կառավարությունը, քառյակը մտադիր է իր պահանջների կատարմանը հասնել միայն երեք տարի անց: Թե՞ համարելով, որ կառավարությունը մերժում է իրենց պահանջների կատարումը, պահանջելու է կառավարության հրաժարականը, ինչպես դա անում էին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության դեպքում: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք քառյակը ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք օրենքն այս տեսքով ընդունվելու դեպքում կարելի է արձանագրել, որ կառավարությունը չկատարեց քառյակի առաջին պահանջը, ասաց. «Այսօրվա դրությամբ, իհարկե, կարող եմ ասել, որ քառյակի հայտարարության կետերից առաջինը բոլորովին այլ բովանդակություն ունի, քան այն, որ ներկայացրել է կառավարությունը»: Իսկ մեր այն հարցին, որ եթե ՀՀԿ-ական մեծամասնությունն օրենքն ընդունի այն տեսքով, որով ներկայացրել է կառավարությունը, քառյակը կփոխի՞ իր վերաբերմունքը կառավարության նկատմամբ և կպահանջի՞ կառավարության հրաժարականը, Վարդանյանը պատասխանեց: «Եկեք եթե-ներով չխոսենք, մենք ունենք աշխատանքի մեխանիզմներ, գործիքակազմ. երբ օրենքը կընդունվի, քառյակը կքննարկի և իր դիրքորոշումը կարտահայտի»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք օրենքն այս տեսքով ընդունվելու դեպքում կհամարե՞ն, որ իրենց պահանջը կառավարության կողմից մերժված է, պատասխանեց շատ կարճ. «Այո»:
– Դրա արդյունքում կփոխվի՞ ձեր դիրքորոշումը կառավարության նկատմամբ:
– Ինչի՞ պետք է փոխվի, այն կմնա նույնը: Իսկ հիմա մեր վերաբերմունքը ի՞նչ է, որ դրա արդյունքում պետք է փոխվի:
– Դուք պահանջներ ներկայացնելով կառավարությանը` հույս ունեիք, որ դրանք կկատարվեն, իսկ հիմա տեսնում եք, որ չեն կատարվում:
– 12 կետանոց հայտարարության առաջին կետը ասում է՝ վերացնել պարտադիր կուտակային համակարգը, այս փոփոխությամբ պարտադիր բաղադրիչը ոչ միայն չի վերացվում, այլ այս նոր բերված օրենքի նախագծով արձանագրված է առնվազն մի 50 տեղ, որտեղ խոսվում է պարտադիրի մասին: Նշանակում է, որ նոր բերված օրենքը բացարձակապես չի համապատասխանում մեր պատկերացումներին, մեր պատկերացումներն ու օրենքի նախագիծը հակադիր են:
– Դուք պահանջում էիք նախորդ կառավարության հրաժարականը, քանի որ այն չէր կատարում ձեր պահանջները: Հնարավո՞ր է, որ օրենքի այս տեսքով ընդունումից հետո պահանջեք այս կառավարության հրաժարականը:
– Մենք կառավարությանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ ենք տվել այս 12 կետերի կատարման համար: Սեպտեմբերի 30-ին, եթե դրանից ոչ շուտ, քառյակը կհավաքվի և կտա իր եզրակացությունը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ևս համարում է, որ այս տեսքով օրենքն ընդունելու դեպքում իրենք համարելու են, որ քառյակի պահանջը չի կատարվել: Բայց Մելքումյանը չի շտապում սա վերջակետ համարել. «Մեր կողմից տրված ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ն է, այսինքն` մինչ այդ մենք աշխատելու ժամանակ ունենք»:
– Բայց եթե օրենքն ընդունվում է, ստացվում է, որ պահանջը չի կատարվել:
– Այո, այս փուլում կարող ենք փաստել, որ չի ընդունվել:
– Այսօր ձեր խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն իր գործընկեր կուսակցությունների հետ կձևավորի քաղաքական մեծամասնություն և կփոխի այս օրենքը: Արդյո՞ք այդ հայտարարությունը նշանակում է, որ անկախ այն հանգամանքից` կկատարի՞ կառավարությունը քառյակի պահանջները, թե՞ ոչ, կառավարության փոփոխությունը տեղի է ունենալու միայն երեք տարի անց: Արդյոք դա կառավարությանը տրված քարտ բլա՞նշ էր:
– Ոչ մի քարտ բլանշի խնդիր էլ չկա: Ուղղակի ասվեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2017թվականին են, և այդ ժամանակ մենք հայտ ենք ներկայացնում` ձևավորելու խորհդարանական մեծամասնություն, և այդ ժամանակ կատարելու ենք փոփոխություններ:
– Բայց եթե կառավարությունը չի կատարում ձեր պահանջները, ավելի տրամաբանական չի՞ լինի, որ չսպասեք երեք տարի և պահանջեք կառավարության փոփոխություն, ինչպես երեք ամիս առաջ պահանջում էիք Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը:
– Գիտեք, փոխողը նախապես դրա մասին չի ասում, այլ ուղղակի փոխում է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս համարում է, որ քառյակի պահանջը մերժվում է.
«Այո եթե օրենքը ընդունվի այս տեսքով, իհարկե, կարող ենք ասել, որ քառյակի պահանջը մերժվել է»:
– Ձեր վերաբերմունքը նոր կառավարության նկատմամբ ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի:
– Անձամբ ես երբեք սպասելիք չեմ ունեցել, որ այս կետերը կիրականացվեն: Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հավատացել են, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, որ կառավարությունը ականջալուր է լինելու մեր պահանջներին, որովհետև կառավարությունը հայտարարեց, որ ականջալուր է լինելու, նրանց վերաբերմունքի մեջ կարող է ինչ-որ բան փոխվել:
– ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք կփոխեն այս օրենքն այն ժամանակ, երբ 2017թ., խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն իր գործընկերների հետ կունենա խորհրդարանական մեծամասնություն: Արդյոք կարելի է դա հասկանալ այնպես, որ պետք է սպասել մինչև 2017թ. և միայն այն դեպքում, երբ կունենաք խորհրդարանական մեծամասնություն, կփոխեք օրենքը: Դուք և՞ս մտադիր եք երեք տարի սպասել:
– Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ ցանկացած պահի կարող են տեղի ունենալ փոխոխություններ, որովհետև չեմ կարծում, որ այսպես Հայաստանը կարող է ձգել մինչև 2017թ.: Այն քաղաքական կամքը կամ, ավելի ճիշտ, այդ կամքի բացակայությունը, որը դրսևորվում է այսօր, մեզ լավատեսության ոչ մի հույս չի թողնում: