Բաժիններ՝

Արսեն Ղազարյան. «Կառավարությունը հստակ գիտակցում է գերակա ճյուղի կարևորությունը»

«Հայաստանի տնտեսության համար (դա լինի արդյունաբերություն, թե սպասարկման ոլորտ) ՏՏ ոլորտի ձեռքբերումները գնալով դառնում են ավելի կիրառական անհրաժեշտություն»,-ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ այսօր տեղի ունեցած «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողության ժամանակ:

Նա նշեց, որ տնտեսության բոլոր գերակա ճյուղերը՝ հանքարդյունաբերությունից սկսած, մինչև գինեգործություն, այսօր, առանց ՏՏ լուծումների, համապատասխան զարգացում և մրցունակություն չեն կարող ապահովել. «Ես շատ հպարտ եմ, որ մեր տեղական ընկերություններն այսօր կարողանում են մշակել ծրագրեր, տեխնոլոգիաներ, որոնք շուկայում առաջնահերթ կիրառելի են»:

Ըստ Ա. Ղազարյանի՝ այսօր մենք ունենք ճյուղ, որով մենք հպարտանում ենք, որը կարողանում է իր ձեռքբերումներով մեզ վստահություն ներշնչել, որտեղ ունենք ինտելեկտուալ հզոր ուժ և որը պահանջում է զարգացնել մեր կրթության ոլորտը. «Ես արտագաղթի կասեցման տեմպերը ինչ-որ տեղ կապում եմ նաև այս ոլորտի զարգացման հետ»:

Ա. Ղազարյանի կարծիքով՝ աննախադեպ է, որ այսօր Ազգային Ժողովի օրակարգում դրված է IT ոլորտի հարկային արտոնությունենրի վերաբերյալ փաթեթը. «Մեր բիզնեսի ոչ մի ճյուղ երբևիցե նման արտոնություններից չի օգտվում: Սա ցույց է տալիս, որ կառավարությունը հստակ գիտակցում է գերակա ճյուղի կարևորությունը, և սա մեզ համար խթան է, որ կարող է հանդիսանալ նոր ձեռնարկությունների ստեղծման համար այս ոլորտում: Ես հույս ունեմ, որ այս փաթեթի քվեարկության ժամանակ մեր օպոզիցիոն մյուս պատգամավորները գոնե կհասկանան, որ այս փաթեթի առումով իրենք պետք է իրենց քաղաքական ակտիվությունը դրսևորեն, ոչ միայն խոսքով, այլ նաև քվեարկությամբ և գործով»:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս