Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը ոչ միայն խոսքով, այլև գործնականում»
«Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական մեծ զարգացում է ապրում»,-այսօր ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՝ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողության կապակցությամբ:
Նշենք, որ Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում: Այս տարի Ֆորումին մասնակցում են 64 կազմակերպություններ, որից 51-ը՝ տեղական, իսկ 13-ը՝ արտասահմանյան: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:
ՀՀ վարչապետն ասաց, որ Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր: Մեծապես կարևորում եմ ավանդական դարձած Դիջիթեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում: Նման միջոցառումները մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործիքների կիրառումը բիզնեսում, այլև կարևոր է նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գարծարար միջավայրում համագործակցության խթանման համար: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը ոչ միայն խոսքով, այլև գործնականում»:
Անի Քեշիշյան