Նիգերիայում միջկրոնական սպանդից փրկվելու փորձ կատարելիս գետում խեղդվել է ավելի քան 100 կին ու երեխա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերիայում միջկրոնական սպանդից փրկվելու փորձ կատարելիս խեղդվել է ավելի քան 100 կին ու երեխա: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Աղետը գրանցվել է երկրի արևելքում գտնվող Դամպար մուսուլմանաբնակ գյուղում, ուր բախումներ են սկսվել քրիստոնյաների ու մուսուլմանների միջև: Գյուղի բնակիչների մի մասը փորձել է սպանդից փրկվել ոչ մեծ նավով գետը հատելով: Սակայն գետանցի ժամանակ ափից արված կրակոցից զոհվել է նավավարը, ինչի հետևանքով նավը կորցրել է կառավարումը և շրջվել է:
Նիգերիայի գետային ոստիկանությունը որոնողա-փրկարարական գործողություններ է սկսել դեպքի վայրում, սակայն նրան դեռ չի հաջողվել հայտնաբերել ողջ մնացած որևէ մարդու: Բախումների ժամանակ գյուղում զոհվել է ևս 12 մարդ, շատ տներ այրվել են: