ԱՄՆ-ը բացառել է Իրաքի հարցում Իրանի հետ ռազմական համագործակցությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ չի քննարկի Իրաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ռազմական համագործակցության թեման.
«Ընթացիկ բոլոր բանակցություններն ամբողջովին առնչվում են միայն Իրանի միջուկային ծրագրին: Իրանի հետ ռազմական համագործակցությունը չի մտնում ԱՄՆ-ի շահերի թվում»:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են միայն այն, թե ինչպես կարող են ազդել Իրաքի կառավարության քաղաքականության վրա:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրաքում ստեղծված իրավիճակի հարցում Իրանի հետ քննարկումները, սակայն մտադիր չէ նրա հետ համակարգել Իրաքի տարածքում որևէ առազմական գործողություն:
Նա ընդգծել է, որ Իրաքի հարցի շուրջ քննարկումներ կարող են անցկացվել Վիեննայում, ուր մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հինգերորդ փուլը: