Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է. ոստիկանության պատասխանը

Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):

Ի պատասխան ՀՀ ոստիկանությունից երեկ հայտնել են, որ որ 2014 թ. մայիսի 17-ին, ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 18/2 շենքի ստորգետնյա կայանատեղիի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նշված քրեական գործով բացի Գոռ Առաքելյանից, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ներսես Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իսկ ինչ վերաբերում է դեպքի վայրում տեսախցիկների առկայությանը, ինչպես նաև դեպքի տեսագրման մասին մեր հարցերին, ապա ի պատասխան ոստիկանությունից հայտնել են. «Հարցման մեջ նշված մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս