Բաժիններ՝

Տուրիզմի փորձագետ. «Այսօր ամենամեծ խնդիրը Հայաստանի ճանաչելիության խնդիրն է»

«Հնարավոր չէ ասել, որ Հայաստանն ամբողջությամբ տուրիզմի երկիր է»-, ասաց «Տուրիզմի հակական ինստիտուտի» ռեկտոր, տուրզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը` խոսելով Հայաստանում տուրիզմի զարգացվածության և առկա խնդիրների մասին:

Նա նշեց, որ տուրիզմը չենք կարող տնտեսության հենք դարձնել. «Տուրիզմը պետք է լինի ինչ-որ մի սեգմենտ, մի հատված (երկիր կա 5 տոկոս, երկիր կա 10 տոկոս), բայց ամբողջությամբ հնարավոր չէ, որովհետև տուրիզմը իր էությամբ լոկոմոտիվ է` նպաստում է մյուս ճյուղերի զարգացմանը: Այսինքն` մենք պետք է մտածենք, թե որքան տոկոս  կազմեն այն գումարները, միջոցները, որով տուրիզմը կազդի երկրի բյուջեի ձևավորման վրա»:

Փորձագետի կարծիքով` անհրաժեշտ է Հայաստանում կազմակերպել և անցկացնել տուրիստական ռեսուրսի կադաստր. «Մենք այսօր աչքերս փակ տուրիզմ ենք զարգացնում, անհրաժեշտ է իմանալ` երկիրը հարուստ է, նպաստավոր է տուրիզմի զարգացման համար, ազգը շատ հյուրընկալ է, և այդ ամենը պետք է նպաստի, որ մենք տուրիստական կադաստր կազմակերպենք՝ ըստ մարզերի, տարածքների, որպեսզի  իմանանք` որ տարածքում որքան մարդ կարող ենք ընդունել, որքան մարդիկ կարող են այցելել, և, դրանից ելնելով, ծրագրեր իրականացնել: Հնարավոր չէ դրանք չանել»:

Ըստ Ռ. Մինասյանի` այսօր ամենակարևորն այն է, որ տուրիզմը արդյունաբերություն է, բիզնես է, իսկ բիզնեսը փող է. «Առաջինը՝ մենք պետք է մտածենք, թե ընդհանուր առմամբ որքան գումար է տուրիզմը վաստակում և որքան գումար է մտնում երկրի բյուջե, դրա հետևանքով որքան աշխատատեղ է ստեղծվում: Ինձ թվում է, որ մենք այդպիսի գնահատական պետք է տանք, որպեսզի գնահատենք, որ ամեն ինչը լավ է, առաջընթաց ունենք, ամեն տարի որքան գումար է ավելանում»:

Ռ. Մինասյանն ասաց, որ պետությունը չունի այն միջոցները, որ այսօր տուրիզմի զարգացման համար այդքան ներդնի. «Պետությունը դա չի կարող անել, տուրիզմը պետք է վաստակի գումար և այդ գումարից պետությունը սիրով, ինչպես շատ երկրներում է, կհատկացնի տուրիզմի զարգացման համար»:

Նա նկատեց, որ վերջին շրջանում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել` հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստյան տներ, առողջարաններ են կառուցվել, թանգարաններ, ճանապարհներ են վերանրոգվել. «Չի կարելի ասել չի արվել, շատ է արվել, բայց դրա հետ միասին ինֆրաստրուկտուրան առաջ է ընկել այն կարևորագույն խնդրից, որը տուրիզմի համար անհրաժեշտ է` մարդկային գործոնը: Տուրիզմը մարդկային գործոն է, ո՞վ պետք է աշխատի, ի՞նչ որակի մարդիկ պետք է աշխատեն, ինչպե՞ս պետք է աշխատեն: Մենք պետք է հաշվի առնենք, որ տուրիստը փոխվել է, նույն մարդը չէ շրջագայում, թեկուզ նույն մարդը նույն ցանկությունը ուզում է իրականացնել նորովի, նոր պայմաններում, նոր մոտեցմամբ: Դրա համար մենք պետք է պատրաստենք այնպիսի մարդիկ, որոնք ի վիճակի լինեն բավարարել այսօրվա պահանջը»:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանում այն խնդիրները որոնք առկա են զբոսաշրջության ոլորտում, Ռ. Մինասյանը պատասխանեց. «Այսօր ամենամեծ խնդիրը Հայաստանի ճանաչելիության խնդիրն է: Մենք պետք է ճանաչելի դարձնենք և աշխատենք շատ երկրիների հետ, որոնք տուրիստ են մատակարարում, այդ կազմակերպությունների հետ համագործակցենք: Շատ երկրներ տարբեր երկրներում ունեն իրենց ներկայացուցչությունները, որոնք պրոպագանդում են իրենց տուրիստական ապրանքը, մենք որևէ երկրում այսօրվա դրությամբ այդպիսին չունենք: Կարծում եմ՝ կարելի է մեր դեսպանություննների ուժը, կարողությունը, գիտելիքը այդ ուղղությամբ օգտագործել: Այն երկրներից, որտեղից պոտենցիալ  կարող են Հայաստան գալ տուրիստենրը, այդտեղ այդ աշխատանքը կազմակերպել»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս