Դմիտրի Կիսելյովը ոչ թե լրագրող է, այլ համարյա «ճշմարտության նախարար». «Առավոտ»

«Եթե Եվգենի (ոչ Դմիտրի) Կիսելյովը գար Հայաստան եւ, հյուրընկալվելով Ազգային ժողովում, կարծիք արտահայտեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, դա կդառնա՞ր համընդհանուր քննարկման առարկա:

Եթե «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը որեւէ մեկիս պատմեր, որ Երեւանում երիտասարդ տաքսիստը չի կարողացել իր հետ ռուսերեն շփվել, մենք դրա մեջ կտեսնեի՞նք «մեծապետական շովինիզմ»:

Իհարկե՝ ոչ: Ինչո՞ւ»,- գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով. «Որովհետեւ հիշյալ մարդիկ լրագրողներ են: Իսկ մենք՝ լրագրողներս, պետք է ներկայացնենք միայն ինքներս մեզ եւ մեր լրատվամիջոցները:

Դմիտրի Կիսելյովը լրագրող չէ, նա Կրեմլի ագրեսիվ, կացնային քարոզչության ներկայացուցիչ է, ըստ էության, պետական չինովնիկ է, ընդ որում՝ իր իրական կարգավիճակով ավելի բարձր է, քան ռուսաստանյան շատ-շատ պետական այրեր, համարյա «Ճշմարտության նախարար» (եթե հիշենք Ջորջ Օրուելի հայտնի վեպը):

Նա հաստատ Պուտինի գաղտնի հրամանագրով պարգեւատրված այն 300 «լրագրողներից» մեկն է, որոնք, ՌԴ նախագահի կարծիքով, «օբյեկտիվ են լուսաբանել» Ղրիմի իրադարձությունները: Ոչ մի իսկական լրագրողի դատողություններ ՀՀԿ-ական պատգամավորները չէին լսի նման ուշադրությամբ:

Եթե Դմիտրի Կիսելյովը լրագրող լիներ, նրանք այդպիսի հնազանդությամբ չէին ընկալի հյուրի «ղեկավար ցուցումները», թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր ներքին կյանքը: Իսկ այս դեպքում միանգամայն պարզ է ռուսաստանյան չինովնիկի գլխավոր ուղերձը` ուզո՞ւմ եք անվտանգություն, պետք է ընդունեք նաեւ մեր տոտալիտար մշակույթը: Ոչ թե ռուսական մշակույթը, որը հրաշալի ժողովրդավարական ավանդույթներ ունի, այլ այսօրվա Կրեմլից եկող քաղաքակրթական ազդակները»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս