Սպասում էին Դալայ Լամային, եկավ Կիսելյովը

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

– Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ ռուս-հայկական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը, որի հյուրերից մեկը` Դմիտրի Կիսելյովը, իրեն թույլ է տվել մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի և հայկական կողմի հասցեին, մասնավորապես, Հայաստանում ռուսաց լեզվի ոչ պատշաճ իմացության և դասավանդման մասով՝ դա կապելով նաև Հայաստանի անվտանգության ապահովման հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Կիսելյովի և այդ հավաքին ներկա ակումբի հայ անդամների պահվածքը:

– Անկեղծ ասած, երբ ԱԺ միջանցքներում տեսա այն աննկարագրելի սպասումը, որ պատել էր իմ որոշ պատգամավոր գործընկերների ու նաև լրագրողների, մի պահ ինձ թվաց, թե Դալայ Լաման է գալու Ազգային ժողով: Պարզվեց՝ Կիսելյովն է: Ինձ համար անհասկանալի է նման մարդուն Հայաստան հրավիրելու իմաստը և նպատակը, քանի որ անձամբ ես հիշյալ անձի հաղորդումները դիտելուց անձնական խորը նողկանք եմ ապրում, քանի որ այնտեղ առկա քծնանքի և ստորաքարշության այն դոզան, որ կա առ Պուտինը, չկար նույնիսկ ԽՍՀՄ-ում, և Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին խորհրդային քարոզչամեքենան նման ստորաքարշ ձևով չէր քծնում, ինչպես Կիսելյովը՝ Պուտինին:

Ինչ վերաբերում է նրա դրսևորած պահվածքին, ապա ես դա համարում եմ վելիկոռուսական շովինիզմի տիպիկ դրսևորում և ակնկալում եմ, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը հստակ պարզաբանում կպահանջի Ռուսաստանի պատկան մարմիններից՝ այն մասին, թե ինչու են իրենց երկրից ժամանած տարբեր գործիչներ իրենց զգում այնպես, ինչպես իրենց անձնական ֆեոդալական կալվածքում, կամ ինչպես իրենց սեփական գուբերնիայում:

Կարդացեք նաև

– Բայց ռուս պաշտոնյաները երևի հենց այդպես էլ համարում են, որ Հայաստանն իրենց ֆեոդալական կալվածքն ու գուբերնիան է, ի՞նչ իմաստ ունի պարզ հարցերի շուրջ պարզաբանում պահանջել:

– Ես չեմ կարծում, որ պրոբլեմները պետք է դրսում փնտրել և մեր նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի պատճառները ևս պետք է փնտրենք մեր վարքագծում: Եթե կան պատգամավորներ, պաշտոնյաներ, գործիչներ, որոնք թույլ են տալիս, որ նման պերսոնաժներն իրենց զգան՝ ինչպես իրենց անձնական ֆազենդաներում, ապա դա Հայաստանի արժանապատվություն ունեցող քաղաքացիների և քաղաքական գործիչների տեսակետը չէ: Եթե Հայաստանում նրանք արժանի պատասխան ստանան, ապա համոզված եմ, որ շատ արագ կփոխեն իրենց վերաբերմունքը, և վարվելակերպի ավելի ընդունելի դրսևումների ականատես կլինենք:

– Չե՞ք կարծում, որ նման դրսևորումները կանխելու համար ինչ-որ քայլեր պետք է անեն, և հենց խորհրդարանականները, քանի որ դա խորհրդարանական ակումբի շրջանակներում է եղել:

– Ես միանում եմ իմ այն գործընկեր խորհրդարանականների պահանջին, որ պետք է համարժեք պարզաբանումներ պահանջվի ռուսական կողմից: Այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը նշվելու է այդ երկրի անկախության տոնը, որին ներկա է լինելու նաև ԱԺ ղեկավարությունը: Հույս ունեմ, որ նրանց տոնն առանձնապես չի փչանա, եթե ԱԺ նախագահը գոնե դեսպանի մակարդակով պարզաբանում պահանջի, թե ինչու են ռուս տարբեր գործիչներ ոչ պատշաճ վարք դրսևորում: Եթե կան գործիչներ, որոնք հյուրի կարգավիճակում գալիս են Հայաստան և չհարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետական օրենքները, այդ թվում՝ լեզվի մասին, նման վարքագիծ են դրսևորում, ապա նրանց պետք է արժանի պատասխան տրվի, որպեսզի նրանք իրենց շովինիստական նկրտումները դրսևորելու այլ տարածքներ փնտրեն:

– ԲՀԿ-ն այդ ակումբում ունի իր ներկայացուցիչները, ինչո՞ւ նրանք չէին մասնակցում այդ ակումբի երեկվա նիստին, և արդյոք նրանք կկանխեի՞ն կամ համարժեք պատասխան կտայի՞ն Կիսելյովին:

– Ճիշտ է, մենք այդ ակումբում երեք պատգամավոր ներկայացուցիչ ունենք, բայց ես անկեղծորեն չգիտեմ, թե նրանք ինչու ներկա չեն եղել երեկվա նիստին: Այդ ակումբը և նրա գործունեությունը իմ հետաքրքրությունների տիրույթում չէ , բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ ներկայացուցիչները, համենայն դեպս, թույլ չէին տա, որ նման վելիկոռուսական շովինիստական դրսևորումներ տեղի ունենային մեր օրենսդիր մարմնի շենքում:

– Եթե Դուք ներկա լինեիք այդ հանդիպմանը, Դուք ինչպե՞ս Ձեզ կպահեիք:

– Ես չեմ սիրում պոստ-ֆակտում գործողություններ մեկնաբանել: Ես այնտեղ չեմ եղել: Հիմա ցավում եմ, որ չեմ եղել:

– Գուցե Հայաստանը ևս Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օրինակով՜ ունենա իր սև ցուցակը, որտեղ կլինեն այն մարդիկ, ովքեր իրենց պահվածքով փորձել են կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը, և նրանց մուտքը Հայաստան կարգելվի:

– Ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում և չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է: Նման դրսևորումները կանխելու լավագույն միջոցն այդ մարդկանց համարժեք պատասխան տալն է, որպեսզի նրանք հասկանան, որ պետք է իրենց պահեն հյուրի կարգավիճակում՝ չչարաշահելով հյուրընկալողի մեծահոգությունը:

– Չե՞ք կարծում, որ Կիսելյովը Հայաստանում ռուսաց լեզվի ազդեցության նվազման մասին խոսելով՝ արտահայտել է ոչ միայն իր, այլ նաև ռուսական իշխանությունների դիրքորոշումը:

– Անկեղծ ասած՝ ես չեմ տեսել այս հարցով պաշտոնական դիրքորոշման այլ արտահայտություն:

– Կա տեսակետ, որ եթե Կիսելյովին կամ այլ գործիչների համարժեք պատասխան տրվի, ապա դրանով վնաս կհասցվի հայ-ռուսական բարեկամությանը, և մենք, որպես փոքր եղբայր, պարտավոր ենք կուլ տա մեծ եղբոր կողմից հնչեցվող վիրավորանքները:

– Կարող եմ վստահաբար ասել, որ եթե Կիսելյովին արժանի պատասխան տրվեր, ապա հայ-ռուսական ռազմավարական դաշինքը ճեղքվածքներ չէր տա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս