Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի առաջարկած 100 դոլարանոց գազային զեղչից. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարաչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում հայտարարել է, որ «Գազպրոմը» Ուկրաինային առաջարկել է 100 դոլարանոց գազային զեղչ, ըստ որի՝ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմելու է 385 դոլար:
Յացենյուկը հավելել է, որ իրենք հրաժարվել են ռուսական այդ առաջարկից՝ ընդգծելով, որ դա ռուսական ծուղակ է, և իրենք քաջատեղյակ են ռուսական այդ ծուղակների մասին: Յացենյուկը հիշեցրել է, որ զեղչը հաստատվում ու վերացվում է Ռուսաստանի կառավարության որոշմամբ:
Յացենյուկը մանրամասնել է, որ ուկրաինական կողմը Ռուսաստանից պահանաջում է ոչ թե գազային զեղչ, այլ՝ պնդում է, որ շուկայական գնի սկզբունքներով փոփոխություններ կատարվեն գազային պայմանագրում:
Ուկրաինական կողմի կարծիքով՝ իր համար գազի շուկայական գինը կազմում է 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար, որն Ուկրաինան վճարել է այս տարվա առաջին եռամսյակում գազ գնելիս: