Ադրբեջանը մտադիր չէ ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր

Abc.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը.

«Ասոցացման համաձայնագիրը՝ որպես իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, պետք է փոխարինի ԵՄ-ի հետ գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին, որն Ադրբեջանը ստորագրել է դեռևս նախորդ դարում:

Արդյունքում մենք այսօր աշխատելու ենք իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի նախապատրաստման վրա, որն ամբողջականորեն կնկարագրի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները և կապահովի նրա հետ լիովին ինտեգրում:

ԵՄ-ի հետ մեր ապագա համաձայնագրի ձևաչափն արդեն իսկ գոյություն ունի և չի հանդիսանում բացառիկ: ԵՄ-ը համանման համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ»: Մամեդգուլիևը հիշեցրել է ռազմավարական մոդեռնիզացիոն գործընկերության (Strategic modernization partnership) մասին համաձայնագիր ստորագրելու մասին Ադրբեջանի առաջարկը.

«Այդ համաձայնագիրը չի հանդիսանում իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, այն ավելի շուտ համատեղ գործողությունների ծրագիր է, որը կոչված է մեր գործընկերությունը դուրս բերել էներգետիկ սեկտորի շրջանակներից: Դրանք շարունակվում են քննարկվել, և եթե մեզ հաջողվի հարթել մի շարք հարցեր, ապա այն կստորագրվի ԵՄ-ի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս