ՌԱԿ վարչության հայտարարությունը՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Էներգետիկ հիմնախնդիրները պետության տնտեսական զարգացման ու նաեւ քաղաքական կայունության հիմնաքարն են։ Յուրաքանչյուր գործողություն, որը կարող է խանգարել այդ համակարգի գործունեությունը, վտանգում է պետության զարգացման հեռանկարը եւ նրա մրցունակությունը հատկապես փխրուն խաղաղության մեջ ապրող մեր տարածաշրջանում։ ՌԱԿ Հանրապետական վարչությունը իր խոր մտահոգությունն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ քննարկումների կապակցությամբ եւ հույս հայտնում, որ ՀՀ Կառավարությունը խելամիտ կգտնվի թույլ չտալու էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացումը։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ, 2013 թ. հունիսի 7-ին, ՀՀ Կառավարությունը գազի գնի բարձրացման պատճառաբանությամբ անհամաչափ բարձրացրեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկվա համար մոտ 27 %-ով՝ 30 դրամից 38 դրամի, իսկ գիշերվա սակագինը էլ ավելի բարձր՝ 40 %-ով՝ 20-ից 28 դրամի։ Այսպիսով գների այս էական բարձրացումը արդեն իսկ լուրջ հարված էր ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության ընտանեկան բյուջեին, շատերը ստիպված էին իրենց զրկելու
առաջին անհրաժեշտություններից՝ էլեկտրաէներգիայի վճարման համար։
Իրավիճակի նմանատիպ վատթարացումից ընդամենը մեկ տարի անց քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը կարող է լուրջ եւ իրավացի դժգոհությունների տեղիք տալ, առավել եւս, սակագնի բարձրացման համար կարծես թե համոզիչ պատճառներ էլ չկան։
ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչ է անում կառավարությանը թույլ չտալ արհեստածին պատճառաբանություններով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում եւ երկրում առկա տնտեսական ու քաղաքական իրավիճակի էլ ավելի վատթարացում։
ՌԱԿ Հանրապետական վարչություն
Երեւան , 10 հունիսի 2014թ .