Բաժիններ՝

Մարզումների ժամանակ անոթազարկի թույլատրելի հաճախությունը՝ ըստ տարիքի (ցանկ)

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններ ունենալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։

Տարբեր տարիքային խմբերի համար մարզումների ժամանակ անոթազարկի թույլատրելի հաճախությունը պետք է լինի՝

20-30 տարեկան՝ 130-160 (զարկ/րոպե)
30-40 տարեկան՝ 120-145 (զարկ/րոպե) 
40-50 տարեկան՝ 115-135(զարկ/րոպե)
50-60 տարեկան՝ 110-125(զարկ/րոպե)
60-70 տարեկան՝ 100-115 (զարկ/րոպե) 
70-80 տարեկան՝ 90-110 (զարկ/րոպե) 

Չմարզվելու դեպքում տարիների ընթացքում ոսկրամկանային համակարգը կորցնում է իր ուժը և ճկունությունը։ Մեծ տարիքում ցանկալի են մկանների ամրացման նպատակով կատարվող վարժությունները։ Սրտանոթային համակարգի նորմալ գործունեությունը կախված է սրտի լարվածության աստիճանից։

Ցանկացած մարդ, անկախ տարիքից և ներկա ակտիվության մակարդակից, սրտանոթային համակարգի մարզման կարիք ունի։ Դա թույլ է տալիս հաղթահարել սթրեսային վիճակները, ավելի մեծ հաճույքով կատարել առօրյա գործերը, հսկել մարմնի քաշը, հեշտությամբ հաղթահարել վարակները, լավ ինքնազգացողություն ունենալ, լավ քնել:

Սիրտը մարզելու համար շաբաթական առնվազն 3 անգամ պետք է 20-30 րոպե վարժություններ կատարել: Մարզումների ժամանակ անոթազարկի հաճախությունը չպիտի գերազանցի յուրաքանչյուր անձի տարիքին համապատասխան առավելագույն հաճախությունը: Յուրաքանչյուր դեպքում պետք է անհատական մոտեցում ցուցաբերել վարժությունների ծանրության աստիճանը որոշելիս: Ցանկալի է, որ մարզումները վերահսկվեն մասնագետ մարզիչի կամ բժշկի կողմից, քանի որ հատկապես սկսնակները չեն կարող ճիշտ որոշել թույլատրելի ծանրաբեռնվածության չափը։

Ուշադրություն: Եթե մարզումների ընթացքում դուք զգում եք ցավեր սրտի շրջանում, ուսերում, կոկորդում կամ ունեք շնչառական դժվարություններ, հևոց, գլխապտույտ, անմիջապես դադարեցրեք մարզումները և դիմեք բժշկի։ Հնարավոր է, որ ձեզ ցուցված է միայն բուժական մարմնամարզություն:

Ձեր ամենօրյա գործունեությունը դուք կարող եք վերածել մարզումների, օրինակ` փոխադրամիջոցից օգտվելու փոխարեն քայլեք ոտքով, վերելակի փոխարեն բարձրացեք աստիճաններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս