Բաժիններ՝

Ձեզ առաջին անգամ եմ տեսնում, բայց այս 10 րոպեում համոզեցիք, որ դեմ քվեարկեմ. Ռուբիկ Հակոբյանը՝ Արայիկ Թունյանին

«Ձեզ առաջին անգամ եմ տեսնում, բայց այս 10 րոպեում համոզեցիք, որ դեմ քվեարկեմ: Դուք գնում եք, որ ավելացնեք այն մարդկանց թիվը, որոնք իշխանության դուդուկի տակ են պարում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ՍԴ նոր անդամի պաշտոնում ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածության քննարկման ժամանակ:

Մինչ այդ պատգամավորները լսում էին Թունյանի տեսակետները կենսաթոշակային բարեփոխումների հարցով ՍԴ որոշման, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ, որոնք կրկնում էին ՍԴ մյուս անդամների մինչ այս հայտնած տեսակետները:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Ա. Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ, պաշտոնավարման ժամկետը լրացած Վալերի Պողոսյանին, հիշեցրեց, որ Պողոսյանը 2008թ. մարտին դիմել է Վիկիլիքսին և հայտնել, որ ՍԴ անդամները ճնշումների են ենթարկվում, որ «նախագահին հաճո որոշում կայացնեն»: Փաշինյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 2008թ. նախագահական ընտրություններին, որոնց հետևանքով տասը զոհ է եղել: Պատգամավորը տեղեկացրեց, որ Պողոսյանն ասել է, որ իրենց կանչել են նախագահական նստավայր ու հրահանգել, թե ինչ որոշում պետք է կայացնի ՍԴ-ն:

«Դուք այդ ժամանակ նախագահական նստավայրի իրավաբանական վարչությունում եք եղել: Պատահաբար Դո՞ւք չեք զանգել Պողոսյանին ու հրավիրել նախագահական, որտեղ ճնշումներ են գործադրել նրանց վրա»,- հարցրեց Ն.Փաշինյանը:

«Ես տեղեկություն չունեմ այս մասին: Ես ո՛չ զանգել եմ, կարծում եմ, ո՛չ էլ իրավունք ունեի զանգելու»,- շտապեց հայտարարել Ա.Թունյանը:

Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյոք ծառայական հետաքննություն արվե՞լ է, թե ով է զանգել, որովհետ փաստ է, որ Բաղրամյան 26-ի կողմից ՍԴ անդամները ուղղակի ճնշումներին են ենթարկվել:

«Եթե նման փաստ չի եղել, ինչո՞ւ պետք է քննարկվեր»,- տարակուսեց Ա.Թունյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ում դե յուրե կա արդարադատություն, իսկ դե ֆակտո՝ չկա. «Տպավորությունն այնպիսին է, որ համալրելու եք ՍԴ անդամների միաձույլ կազմը, որոնք վախենում են ունենալ սեփական կարծիք: Բոլոր հարցերի վերաբերյալ Դուք տալիս էիք նույն պատասխանը՝ «ես քաղաքականությանը չեմ խառնվում»: ՍԴ անհասկանալի ռեբուսին՝ պարտադիրը կա, թե ոչ, Դուք չտվեցիք հստակ պատսխան: Ձեր դիրքորոշումը կրկնում է ՍԴ անդամներին՝ լինել հնարավորինս զգույշ, չունենալ սեփական տեսակետ և անգամ վախենալ մտքում ունենալ սեփական տեսակետ: Նույնիսկ ամենաանշառ հարցին չտվեցիք միանշանակ պատասխան»:

Զոհրաբյանը շեշտեց, որ իրենց պետք են մարդիկ, ովքեր կունենան սեփական կարծիք, որը կտարբերվի պետական պատվերից, իսկ ՍԴ-ն գործել է պետական պատվերով, ինչն ապացուցում է միայն այն, որ կենսաթոշակայինի վերաբերյալ ՍԴ նույն անդամը տարբեր հեռուստաալիքներով տարբեր ելույթներ է ունենում:

«Է՜հ, մարդկանց ճանաչելու համար երկար տարիներ են պետք»,- նկատեց Գ.Սահակյանը:

Ա.Թունյանի թեկնածության հարցով քվեարկությունը տեղի կունենա քիչ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս