Բաժիններ՝

Ավետիք Իշխանյանը՝ ԱՆ-ին կից խորհրդին իր անդամակցության մասին. «Ասելիքներ ունենք… ցանկացած պահի միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հայտնի անձինք: Նրանց թվում է նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Երբ Արդարադատության նախարարից առաջարկությունը եղավ, մենք մեր կոմիտեում երկար քննարկեցինք՝ մասնակցությունն արժե՞, թե՞ ոչ, քանի որ անհանգստություն կար և կա, որ դա կարող էր ձևական բնույթ կրել: Եվ մենք, ճիշտն ասած, սկզբում մտածում էինք, թե քանի որ առաջարկությունը եղել է, ի սկզբանե մեղավորության կանխավարկածով չառաջնորդվել, չնայած այդ լուրջ կասկածները կային, և փորձել սկզբնական շրջանում այնտեղ լինել դիտորդի կարգավիճակով: Սակայն պարզվեց, որ այդպիսի կարգավիճակ չկա, և որոշեցինք համաձայնել լինել անդամ, որովհետև ցանկացած պահի, պայմանական ասած՝ միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել: Իսկ եթե իսկապես խորհրդի կարծիքները հաշվի առնվեն, ապա մենք այնտեղ շատ ասելիք ունենք»,- 168.am-ի հետ զրույցում իր մասնակցությունն այդ խորհրդում այսպես պարզաբանեց Ավետիք Իշխանյանը:

Ըստ Ա. Իշխանյանի՝ Հելսինկյան կոմիտեն «բավականին շատ անելիքներ» ունի խորհրդի կազմում, հատկապես օրենսդրական նախաձեռնությունների ոլորտներում. «Ասելիքներ ունենք քրեակատարողական ոլորտում, որտեղ մենք տարիներով աշխատում ենք: Մենք միշտ առաջարկություններ ենք անում, հատկապես՝ վաղաժամկետ ազատման, և ընդհանրապես՝ ցմահ բանտարկյալների հետ կապված հարցերում, և նրանց գործերի վերանայման, հնարավոր օրենսդրական փոփոխություններ մտցնելու, նրանց վաղաժամկետ ազատումն ավելի պրակտիկ դարձնելու նպատակով, որն իրականում Հայաստանում չի գործում: Նաև՝ խղճի և կրոնի ազատության օրենքի հետ կապված հնարավոր փոփոխությունների կամ նոր օրենքի ընդունման շուրջ ենք աշխատում:

Այսինքն՝ մենք շատ առաջարկություններ ենք միշտ ներկայացրել մեր զեկույցներում, և այս տեսակետից մենք կփորձենք խորհրդում այդ հարցերը բարձրացնել, և կերևա՝ խորհուրդը ձևական բնո՞ւյթ է կրում, թե՞ իսկապես խորհրդի կարծիքները հաշվի են առնվում»:

Կարդացեք նաև

168.am-ի այն հարցին, թե իրենք ինչ-որ առաջարկներ արդեն արե՞լ են Արդարադատության նախարարին, Ա. Իշխանյանը պատասխանեց. «Դեռ չենք առաջարկել: Դեռևս միայն խորհրդի անդամ լինելու համաձայնություն ենք տվել, իսկ այնտեղ կտեսնենք, թե ինչ ենք անում: Ուզում եմ ասել՝ ես հույս ունեմ, որ այս իմ մատնանշած խնդիրները, որոնք Հայաստանում գոյություն ունեն, լուծումներ ստանան»:
Միաժամանակ Ավետիք Իշխանյանը հավելեց, որ իր դերակատարումն այդ խորհրդի կազմում դեռևս որոշված չէ: «Դեռևս չգիտեմ իմ դերը, դեռ նիստ չի եղել այս կազմով, և չգիտեմ, թե այնտեղ ինչ լիազորություններ պետք է ունենամ, ինչ ենթահանձնաժողովներ պետք է ստեղծվեն, եթե պետք է ստեղծվեն: Դեռևս ես որևէ բանից տեղյակ չեմ: Իմ համաձայնությունը նախապես կապված է այն բանի հետ, որ խնդիրները բարձրացնեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս