Ի՞նչ է տեղի ունեցել Վերնիսաժում, և արդյո՞ք դեպքը տեսանկարահանվել է. Պարզաբանում է փաստաբանը
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վենիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված անձանցից 4-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում: Հարուցված քրեական գործում այժմ միակ մեղադրյալը Գոռ Առաքելյանն է. նա մեղադրվում է խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետեր, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մաս): Այս մասին 168.am-ը զրուցեց կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ: Ի դեպ, Վ. Էլբակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանին մինչ այժմ ներկայացրել են` որպես Նորայր Հարությունյան:
– Տիկին Էլբակյան, Ձեր վստահորդները դեռ վկայի՞ կարգավիճակում են:
– Նրանք վկայի կարգավիճակում են:
– Ձեր գնահատմամբ` Ձեր վստահորդները պետք է տուժո՞ղ ճանաչվեն: Ի՞նչ կարգավիճակ պետք է ունենան նրանք այս քրեական գործում:
– Եթե վերցնենք այն ծանր մարմնական վնասվածքները, որ ստացել են նրանք, ապա պետք է տուժող ճանաչվեն:
– Լրատվամիջոցներում շրջանառվում է այն վարկածը, որ քրեական գործում այժմ միակ մեղադրյալ Գոռ Առաքելյանին ծեծի են ենթարկել: Ձեր վստահորդների արարքում հանցակազմ տեսնո՞ւմ եք, և արդյոք նրանք Ձեզ որևէ բան հայտնե՞լ են ծեծի մասին՝ առնչություն ունե՞ն դրա հետ, թե՞ ոչ:
– Նշեմ, որ թե՛ Վալերին, թե՛ Ներսեսն այն վիճակում չեն, որ կարողանաս մանրամասն առանձնազրույց ունենալ և պարզել դեպքի բոլոր հանգամանքները: Այդ առումով չենք կարողացել մանրամասն զրույց ունենալ: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ծեծել են, և այլն, և այլն, ապա դա ուռճացված և ճոխացված տեղեկատվություն է, դա իրականությանը չի համապատասխանում: Միգուցե հնարավոր լինի այդ մասին ավելի մանրամասն խոսել, երբ մեր վստահորդները ցուցմունք կտան: Եթե ցուցմունք տան՝ դրանից հետո մենք կկարողանանք ավելի մանրամասն ներկայացնել: Այս պահի դրությամբ նրանք հարցաքննված չեն, և ավելի մանրամասներ չեմ կարող ասել:
– Նրանց հարցաքննված չլինելը պայմանավորված է առողջական վիճակո՞վ, թե՞ Ոստիկանությունը չի հարցաքննել:
– Որքանով տեղյակ եմ, Վալերիին մեկ անգամ փորձել են հարցաքննել, նրա առողջական վիճակը թույլ չի տվել: Որքանով տեղյակ եմ՝ նաև Ներսեսին: Մենք ամեն դեպքում՝ որպես փաստաբաններ, ես և Արմեն Խաչատրյանը պետք է տեղեկացված լինեինք, որ նրանց ցանկանում են հարցաքննել, բայց մեզ նման ծանուցում չի հասել:
– Տիկին Էլբակյան, մտավախություն էիք հայտնել, որ հնարավոր է՝ նախաքննական մարմինը նրանց փորձում է մեղադրանք առաջադրել: Ինչո՞վ է պայմանավորված այդ մտավախությունը:
– Միգուցե փորձեն օգնել Գոռ Առաքելյանինգ Չեմ կարող ասել: Ամեն դեպքում այդ մտավախությունն ունեմ՝ տեսնելով այն, ինչ կատարվում է մամուլում, այն հրապարակումները, որոնք լինում են բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այդ ամենն ինձ կարող է նման մտավախության հիմք տալ:
– Բացի մամուլի հրապարակումներից՝ նվաստացումների, ծեծի մասին խոսեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետը: Ձեր վստահորդները Ձեզ պատմե՞լ են՝ ի՞նչ է տեղի ունեցել, իրենք դեպքին առնչություն ունեցե՞լ են, թե՞ պատահաբար են հայտնվել դեպքի վայրում ու վնասվածքներ ստացել:
– Ոչ, իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք: Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ: Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ: Երկրորդ՝ այսօր ոչ ոք չի խոսում ապօրինի զենք-զինամթերքի մասին, որն ինձ համար ավելի քան տարօրինակ է:
– Տեղյա՞կ եք՝ Ձեր վստահորդները նախկինում ճանաչե՞լ են Գոռ Առաքելյանին:
– Ո՛չ, չեն ճանաչել:
– Դեպքի վայրի մերձակայքում գտնվող ավտոտնակի մոտ տեսախցիկ է տեղադրված, տեսախցիկի առկայության մասին խոսեց նաև ԱԺ պատգամավոր, Գոռ Առաքելյանի աներ Կարո Կարապետյանը: Տեղյա՞կ եք՝ քրեական գործում տեսանյութ կա՞:
– Մենք լսել ենք, որ կա նման տեսանյութ, բայց այն մեզ չի ներկայացվել, և բովանդակությանը՝ թե տեսաերիզում ինչ է ֆիքսված, ես ծանոթ չեմ: Ընդամենը լսել եմ, որ դեպքի վայրում տեսախցիկ է եղել:
– Նշել էիք նաև, որ Ձեր վստահորդները դեռևս բողոք չեն ներկայացրել Ոստիկանություն: Արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են բողոքել:
– Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ ոչ: Բայց այս պահի դրությամբ:
– Գոռ Առաքելյանի պաշտպանը նշում է, որ «սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»: Ի՞նչ եք կարծում՝ Գ. Առաքելյանի արարքը ճի՞շտ է որակված:
– Դա իր պաշտպանական տակտիկան է, և, ելնելով էթիկայից՝ ես այս պահին իմ կոլեգայի գործողություններին կփորձեմ գնահատական չտալ: Նախաքննություն է ընթանում, նախաքննության ընթացքում, բնականաբար, ինքն իր տեսակետը կունենա, մենք՝ մերը, որի վերաբերյալ մեր դիրքորոշումները կհայտնենք մեր միջնորդություններով և հայտարարություններով: Ցանկացած պաշտպան փորձելու է առավելագույնն անել իր պաշտպանյալի համար:
– Մինչ այս պահը Ձեր կողմից նախաքննական մարմնին միջնրդություններ ներկայացվե՞լ են:
– Ոչ: Որևէ միջնորդություն չի ներկայացվել: