Բաշար Ասադն առաջադրվել է Սիրիայի նախագահի պաշտոնում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում գործող նախագահ Բաշար Ասադի թեկնածության առաջադրման մասին:
Ասադը դարձավ Սիրիայի բարձրագույն պաշտոնի 7-րդ հավակնորդը: Սրանից առաջ Սիրիայի Ժողովրդական խորհուրդը (խորհրդարան) նախագահական ընտրությունների համար հաստատել էր 6 թեկնածություն, այդ թվում նաև մեկ կնոջ թեկնածություն:
Սիրիայում նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 35 պատգամավորի աջակցություն: Սիրիայում նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը սկսել է ապրիլի 22-ին և ավարտվելու է մայիսի 1-ին: Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:
Սիրիայում նախագահի պաշտոնին կարող են հավակնել 40 տարին բոլորած և վերջին 10 տարում երկրում բնակված քաղաքացիները, որոնք չունեն օտար անձնագիր: Թեկնածուի ծնողները նույնպես պետք է հանդիսանան Սիրիայի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿՀՎ-ի կազմած զեկույցի համաձայն, Բաշար Ասադը նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքելու է քվեների առնվազն 75 տոկոսը: