
Սիրիայում գրանցել են նախագահի առաջին կին թեկնածուին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի օրենսդիր բարձրագույն մարմին Ժողովրդական խորհուրդն այսօր գրանցել է նախագահի առաջին կին թեկնածուին: Խոսքը գնում է Լաթաքիան ներկայացնող ինժեներ Սյուսան Օմր ալ-Խադադի մասին:
Նախագահի թեկնածու գրանցվելու համար Խադադին հաջողվել է ստանալ առնվազն 35 պատգամավորի աջակցություն: Սիրիայում նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը սկսել է ապրիլի 22-ին և ավարտվելու է մայիսի 1-ին: Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:
Ներկա դրությամբ Սիրիայում արդեն իսկ որպես նախագահի թեկնածու գրանցել են արական սեռի 5 ներկայացուցչի: Գործող նախագահ Բաշար Ասադը դեռ չի հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցելու մասին:
Սիրիայում նախագահի պաշտոնին կարող են հավակնել 40 տարին բոլորած և վերջին 10 տարում երկրում բնակված քաղաքացիները, որոնք չունեն օտար անձնագիր: Թեկնածուի ծնողները նույնպես պետք է հանդիսանան Սիրիայի քաղաքացիներ: