Բաժիններ՝

Արդյունաբերողների և գործարարների միությունը հավանություն է տվել այլընտրանքային ստուգումներին

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարակից մի շարք օրինագծերի փաթեթին: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլընտրանքային ստուգումը ողջունելի է, եթե դրա գինը համադրվի շուկայում գործող աուդիտորական արժեքների հետ, որպեսզի գործարարների վրա թանկ չնստի: Թե որ գինը շահավետ կլինի գործարարի համար, Ա.Ղազարյանը դժվարացավ նշել: Ըստ նրա՝ դա կախված է ձեռնարկության շրջանառությունից, աշխատանքների ծավալից և ֆինանսների նախարարության հետ լրացուցիչ պետք է քննարկվի:

«Մենք գտնում ենք, քանի որ հարկային ստուգում է, սովորական աուդիտ չի, պարտադիր է, որ ՊԵԿ տեսուչներ լինեն, որ իրենց գրածի համար պատասխան տան: Նաև առաջարկել ենք, որ ներգրավեն լուրջ խոշոր աուդիտորական մասնագետների, եթե նրանք այդ պատասխանատվությունը կկիսեն: Ի տարբերություն սովորական աուդիտի, որ այսօր խոշորն անցնում է, այստեղ պատասխանատվության հարց կա, արդյունքների համար պետք է պատասխան կրեն: Օրենքում դրույթ կա, որ վերստուգման դեպքում եթե բացահայտվում են սխալներ, հարկատուն պատասխանատվություն չի կրում, կրում են միայն ստուգողները: Այսօրվա մեր աուդիտորները պատասխանատվություն չեն կրում գործող օրենքով, բայց լուրջ ընկերությունները, օրինակ՝ KPMG-ն, Գրանդ Թորոնթոն, պատրաստ են այդ պատասխանատվության տակ մտնել և, եթե խառը խմբեր ստեղծվեն, ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ա.Ղազարյանը:

Նա նշեց, որ այսօր էլ խոշոր ընկերությունները պարտադիր աուդիտ անցնում են, բայց հարկային մարմինների հետ հարաբերություններում աուդիտորական ընկերությունները ոչ մի պատասխանատվություն չեն կրում, իսկ հիմա որակն ամբողջությամբ փոխվում է և պատասխանատվություն են կրելու:

Ըստ Ղազարյանի՝ պրակտիկան ցույց կտա, թե որքան կլինեն ցանկացողները, քանի որ սա կամավոր է. «Ըստ էության, բոլոր այն ձեռնարկությունները, որ ռիսկային ստուգումների ցանկում չեն, բայց ցանկանում են ստուգվել, պետք է կամավոր դիմեն: Ժամանակ է պետք՝ 6-7 ամիս, 1 տարի, որ հասկանան, թե շուկայում ինչ ծանրաբեռնվածության աշխատանք կա: Այնպես չի, որ բոլորը պարտադիր պետք է ստուգում անցնեն»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարկից մի շարք օրինագծերի փաթեթին: Նախատեսվում է, որ հարկային մարմինները ստուգում կիրականացնեն բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ ստուգումներ անցկացնել, և այս դեպքում տուգանքներ չեն կիրառվելու, այլ ժամկետ է սահմանվելու գումարները վճարելու համար: Ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ այլընտրանքային հարկային ստուգումները կբարելավեն ներդրումային միջավայրը: Այս ծառայությունը տնտեսվարողների համար կլինի վճարովի՝ սկսած 10 մլն դրամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս