
ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJ

ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գտնվող թիրախների մասին և ՆԱՏՕ-ին խնդրում է նմանօրինակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Ամերիկյան պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Ըստ թերթի զրուցակիցների՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կիևին «հզոր զենք ուղարկելու հնարավորությունը, որը կարող է ավելի շատ թիրախներ խոցել»։
Հրատարակությունը նշում է, որ Թրամփը վերջերս ստորագրել է հրամանագիր, որը հետախուզական ծառայություններին և Պենտագոնին թույլ է տալիս հարվածներ հասցնելու հարցում օգնել Ուկրաինային։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել են The Wall Street Journal-ի աղբյուրները, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին խնդրում է նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։