
Իսրայելը կալանել է Գազա օգնություն տեղափոխող մի քանի նավ և միջազգային քննադատության արժանացել

Իսրայելական ուժերը կալանել են Գազա օգնություն տեղափոխող «Համաշխարհային անդրդվելիության նավատորմի» 13 նավ և ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում՝ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց տախտակամածին գտնվում է 500-ից ավելի մարդ։
Ակտիվիստները սոցցանցերում հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն «ակտիվ ագրեսիա» են կիրառել մի քանի նավի նկատմամբ. դրանցից մեկը խոյահարվել է, ևս երկուսի վրա կրակել են ջրցան մեքենաներով։ Տախտակամածին գտնվողները չեն տուժել։
Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարությունը հաստատել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Նավատորմն Իսրայելի գործողություններն անվանել է անօրինական՝ նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակելը։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նավատորմը խախտել է «ծովային օրինական շրջափակումը»։
Հունաստանում, Իտալիայում, Թունիսում և Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով նավերի կալանման դեմ։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն միջադեպն անվանել է «միջազգային հանցագործություն», երկրից արտաքսել է իսրայելցի մնացած դիվանագետներին և դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը նավերի կալանման միջադեպը «մտահոգիչ» է որակել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դա անվանել է «ահաբեկչական գործողություն»։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ևս խստորեն դատապարտել է իսրայելական ուժերին նավատորմի դեմ գործողությունների համար։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իսրայելն իրենց հավաստիացրել է, որ իր զինված ուժերը բռնություն չեն կիրառի տախտակամածին գտնվողների նկատմամբ, և որ իրենք կապի մեջ են իսրայելական կողմի հետ։