
Ռուբիոն հայտարարել է, որ շաթդաունը թուլացնում է ԱՄՆ-ի դիրքերը միջազգային ասպարեզում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը՝ այսպես կոչված շաթդաունը, թուլացնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային ասպարեզում և վտանգի տակ դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը:
Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Կոնգրեսի դեմոկրատները որոշում կայացրին փակել կառավարությունը։ Նրանց կուսակցական գործողությունները խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում և վտանգի տակ դնում մեր ազգային անվտանգությունը», – գրել է Ռուբիոն։
Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես շաթդաունի համար մեղադրել է դեմոկրատներին՝ հայտարարելով, որ նրանք քաղաքական խաղեր են խաղում։
Իսկ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:
Ըստ BBC-ի՝ գրեթե յոթ տարվա ընթացքում առաջին շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնեցնել ծախսերի նոր պլանը։
Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահության նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ Ըստ վերլուծաբանների՝ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվեն դաշնային աշխատողների շուրջ 40%-ը՝ մոտ 750 000 մարդ։