Ճոճանակային միգրացիա` դեպի Ռուսաստան. Հայաստանը կանգնած է ռազմավարական խնդրի առաջ. medialab.am
Ռուսախոսների համար Ռուսաստանի դռների բացվելը եւ քաղաքացիության տրամադրման դյուրացված կարգը, ըստ Արմեն Կիրակոսյանի հենց այն է ինչի մասին երազում էր: «Կգնամ Սամարա, մարդավարի կաշխատեմ,-«Մեդիալաբին» ասում է 48-ամյա Արմեն Կիրակոսյանը, ով անցած տարեվերջին ՌԴ-ից Երեւան է վերադարձել ընտանիքի հետ Նոր տարին նշելու, սակայն հազարավոր հայրենակիցների նման հետ վերադառնալ չի կարողացել` օրենսդրական փոփոխությունների պատճառով: «Քանի ամիս ա մնացել եմ Հայաստանում, փոխված օրենքի պատճառով չեմ կարողանում հետ գնալ, ոչ գործ ունեմ, ոչ էլ հույս: Կգնամ ու քաղաքացիություն կստանամ, մտածելու բան էլ չկա»,-ասում է նա:
Ապրիլի 16-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնային խորհրդում հավանության արժանանալուց հետո, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսաց լեզվի իմացություն ունեցողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը:
Միգրացիայի հարցերով փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, թեեւ քաղաքացիություն ստանալու կարգը ՌԴ-ում հեշտացվում է ուկրաինական զարգացումներով պայմանավորված, համընդհանուր կիրառության դեպքում, եթե կյանքի կոչվի այնպես, ինպես գրված է օրենքում, Հայաստանից արտագաղթի տեմպերը կավելանան: «Չմոռանանք, որ այդ պարզեցված կարգից առաջ ունեցանք ՌԴ օերնսդրության փոփոխություն, որով պայմանավորված մոտ երկու 100-220.000 ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելափակվեց: Այդ մարդկանց հիմնական մասը ՌԴ աշխատանքային միգրատներն են, որոնք ցանկություն կունենան քաղաքացիություն ստանալոով իրենց խնդիրը Ռոուսաստանում աշխատանքի հետ կապված հեշտացնել»,-«Մեդիալաբին» ասում է Եգանյանը:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններով, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ըստ այդմ, նրանք կարող են կրկին երկիր այցելել միայն 180 օրից: Օրենքը իսկական պատուհաս է դարձել բազմաթիվ հայ ընտանիքների համար, որոնք տասնամյակներ շարունակ գոյատեւել են Ռուսաստան մեկնող տղամարդկանց արտագնա աշխատանքի շնորհիվ: Ռուսաստանից Հայաստան մտնող հսկայական տրանսֆերտները դրա վառ վկայությունն են: Միայն անցյալ տարվ առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել 942,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար: Ըստ ՌԴ նախագահի այսօր ստորագրած օրենքով, Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք համարվում են ռուսաց լեզվի «կրողները» եւ որոնց կամ նրանց անմիջական ազգականները ապրում կամ ապրել են Ռուսաստանում, Ռուսական կայսերության և ԽՍՀՄ տարածքներում: Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները ստիպված կլինեն հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից:
Նշենք, որ քաղաքացիություն ձեռք բերելու համար նախկինում հարկավոր էր հինգ տարի շարունակ Ռուսաստանում կացության կարգավիճակով ապրել: Միգրացիայի հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանի խոսքով, 2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանից տարեկան 30. 000 մարդ է մեկնում եւ չի վերադառնում Հայաստան: «Նրանց մոտ 50 տոկոսը կազմում են մշտապես էմիգրացվողները` այսինքն, նրանք, ովքեր գնում են չվերադառնալու պատրաստակամությամբ եւ մնացածը կազմում են ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնք գնում եւ չեն վերադառնում, բայց կարող է վերադառնան, թե երբ եւ ինչու, դա այլ հարց է: Միգրանտների հիմնական մասը մեկնում է դեպի Ռուսաստան, փոքր մասը` այլ երկրներ » ,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Եգանյանը: Փորձագետի ունեցած տեղեկություններով, 2002-2006 թվականների համեմատ, 2007-ից սկսած Հայաստանից արտահոսքն ավելացել է մոտ 20 տոկոսով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: