Երեք կանոն, որոնք կարող են ապահովել ելույթի կամ շնորհանդեսի հաջողությունը

Ի՞նչ է հարկավոր տպավորիչ ելույթի համար:  Ամենամյա համաժողովների կազմակերպմամբ հայտնի ամերիկյան Technology Entertainment Design (TED)  մասնավոր հիմնադրամի միջոցառումներն այս ոլորտում  նոր նշաձող են  սահմանել: HBR պարբերականի խնդրանքով  TED-ի հիմնադիր Քրիս Անդերսենը ներկայացրել է  30 տարվա աշխատանքի ընթացքում քաղած դասերը:

Քրիս Անդերսենը նշում է, որ վերջին տարիների ամենահաջող ելույթների վերլուծությունները պարզել են, որ դրանց համար կարեւոր են հետեւյալ երեք կանոնները.

Օգտագործել զգացմունքները

Փաստաբան եւ իրավապաշտպան Բրայան Սթիվենսոնի «Խոսենք անարդարության մասին» ելույթն ամենաերկարատեւ ծափահարություններին է արժանացել: Փաստաբանը, որին հաջողվել էր Գերագույն դատարանում շահել «Միլլերն ընդդեմ Ալաբամա նահանգի» գործը, հրաշալի գիտի լսարանի վստահությանն արժանանելու գաղտնիքը: «Նրա խոսքը բովանդակային առումով երեք մասի կբաժանեի` ըստ Արիստոտելի դասակարգման. դրա միայն 10%-ն էր ուղղված  «էթոս»-ին, այսինքն` խոսակցի վստահությանը,  25% -ը բաժին էր ընկնում «լոգոսին» ` տվյալներ, վիճակագրություն, եւ ամբողջ  65% -ը` «պաթոսին», այսինքն` զգացմունքներին»,-պատմել է Քրիսը:

Զգացմունքներ առաջացնող պատմություններն ու խոսքը ոգեշնչում են մարդկանց եւ նրանց մղում գործողությունների:  Սովորաբար, գործի մասին խոսելիս` տվյալներն ավելի շատ են, քան սյուժեները, սակայն դրանք անհրաժեշտ են` հիմնական միտքն ապացուցելու համար: Կարելի է սեփական կամ ուրիշների փորձից պատմություններ, անգամ անեկդոտներ ներկայացնել: Այս ամենն ուժեղացնում է  ելույթի ազդեցությունը:

Ձգտել նորարարության

Բոլորը ցանկանում են ինչ-որ նոր բան լսել եւ տեսնել: TED –ի համաժողովներին, ըստ Քրիսի, նախապես առաջարկվում է  «հին հնարքներ չկիրառել»: Մարդիկ սպասում են նոր, բացառիկ տեղեկատվության:

2009թ-ին Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը TED-ում Աֆրիկայում մալարիայի տարծման մասին ելույթի ժամանակ  բառացիորեն սարսափահար էր արել լսարանին` բացելով մոծակներով լի տարան: «Մալարիան փոխանցվում է մոծակների միջոցով: Թող տարածվեն սրահով մեկ. ինչո՞ւ միայն աղքատները պետք է նրանցից վախենան»,- հայտարարել էր Գեյթսը: Սակայն հետո, երբ արդեն «վերցրել» էր լսարանը, հանգստացրել էր ներկաներին` ասելով, որ մոծակները վարակված չեն:

Ունկնդիրը (ղեկավար, գործընկեր, հաճախորդ)  մտքում սովորաբար ինքն իրեն հարցնում է, թե  ի՞նչ նոր բան է ասելու բանախոսը: Հաջողության համար հարկավոր է նոր նյութ մատուցել, հին խնդիրներին անսպասելի լուծումներ առաջարկել:

Օգտագործել վիզուալ միջոցներ

2008 թ-ին, ներկայացնելով «Տիտանիկի» մասին շնորհանդեսը, Ռոբերտ Բալարդը 57 սլայդ ցուցադրեց` առանց մեկնաբանությունների: Դրանք ստորջրյա կյանքի մասին պատմող նկարներ եւ տեսանյութեր էին` առանց որեւէ բառի: Լսարանը պարզապես ոգեւորված էր, պատմում է Քրիսը:

Հետազոտողներն ապացուցել են, որ տեղեկատվությունն ավելի լավ է ընկալվում, երբ ուղեկցվում է պատկերներով եւ տեքստերով: Երբ գաղափարները փոխանցվում են միայն վերբալ եղանակով, առանց պատկերների, ունկնդիրը հիշում է  միայն  10%-ը: Ավելացրեք պատկերները, եւ ընկալման մակարդակը կհասնի  մինչեւ 65%-ի:

 

Տեսանյութեր

Լրահոս