2004թվականին Հայաստանում բացահայտված ռուսական պլանները. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Պետք է խոստովանել, որ քչերը կենթադրեին Ուկրաինայի Եվրամայդանի պատերազմական ավարտի մասին։

Այսինքն՝ ոչ այնքան ավարտի, ինչքան պատերազմական շարունակության, այսինքն՝ որ Եվրամայդանը կավարտվեր պատերազմով, այն էլ ոչ թե քաղաքացիական, այլ ռուս-ուկրաինական պատերազմով։

Իրականում Ուկրաինայում տեղի է ունենում հենց ռուս-ուկրաինական պատերազմ, թեև ռուսները դեռևս կանոնավոր բանակով չեն միջամտել, այդուհանդերձ պատերազմը միայն կանոնավոր բանակի միջամտությամբ չէ, որ պատերազմ է դառնում։ Ընդ որում՝ արդեն ակնհայտ է նաև, որ այստեղ լոկ Ուկրաինայի հարց չէ, այլ Արևմուտք-Ռուսաստան մեծ դիմակայության, որը ԽՍՀՄ փլուզումից հետո նոր փուլում է և անկասկած ունի ավարտվելու երկու տարբերակ՝ կամ ԽՍՀՄ վերականգնում, կամ փլուզում այլևս անդառնալի տարբերակով, այսինքն՝ Ռուսաստանի կայսերական հավակնությունների լիակատար սպառում։

Եվ այստեղ, քանի որ ակնհայտ է, որ խնդիրը միայն Ուկրաինան չէ, այսօր առկա է բոլոր հետխորհրդային տարածաշրջանների վերաբերյալ այդ հարցադրումը՝ էլ որտե՞ղ է Ռուսաստանը դիմելու ուժի, իր վերահսկողությունը անբեկանելի դարձնելու համար։

Եվ թվում է, որ Հայաստանի իշխանությունները, օրինակ, Հայաստանի մասով կանխեցին այդ ուժային մեթոդների կիրառումը՝ համաձայնելով Ռուսաստանի պայմաններին Մաքսային ու Եվրասիական միության հետ կապված, կամ ավելի ճիշտ համաձայնելով չգնալ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման։ Ոչ մի կասկած չկա. որ հակառակվելու պարագայում Ռուսաստանը Հայաստանում էլ իրականացնելու էր նույն զինական սցենարը, այսինքն՝ մեթոդոլոգիան, ինչը որ ներկայումս առաջ է մղում Ուկրաինայում։

Այստեղ, իհարկե, ըստ էության ստացվում է, որ իշխանություններն իրավացի էին, Հայաստոանը պատերազմից էին փրկում, երբ համաձայնում էին Մոսկվայի պահանջներին։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանն ընդհանրապես այս հարցում ուներ բազմաթիվ այլ անելիքներ, որոնք սակայն չեն իրականացվել։

Ըստ որում՝ այստեղ անելիքները և իշխանությունների դաշտում էին, և կարող էին լինել հասարակական դաշտի միջոցով։ Ամեն ինչ կախված էր իշխանությունների ցանկությունից, և ոչինչ լիարժեք չէ։

Ավելին՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանի պահանջներին հպատակվելը Հայաստանը չի ազատում պատերազմի սպառնալիքից, քանի որ Ռուսաստանը հետխորհրդայրն տարածք դիտարկելով, դիտարկում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանն ու Ադրբեջանը, այո, այո, նաև Ադրբեջանը։

Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այսօր ռազմական մեծ ուժեր է կուտակում Նախիջևանում, որովհետեւ հերթը հասնելու է նաև Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելուն և այնտեղ հեռատեսորեն պատրաստվում են և ռուսական իսկ զենքով ամրացնում Նախիջևանը ռուսական շանտաժներից։

Այսինքն՝ դառնալով Մոսկվայի կամակատարը, Հայաստանը ոչ միայն չի ցրել պատերազմի սպառնալիքը, այլ ըստ էության մեծացրել է այդ սպառնալիքը, քանի որ Հայաստանի վրա իր գերիշխանությունը, անվերապահ ազդեցությունը Մոսկվան վաղ թե ուշ փորձելու է օգտագործել Վրաստանն ու Ադրբեջանը իր վերահսկողության տիրույթ բերելու նպատակի համար, որպես գործիք, որպես այսպես ասած ֆորպոստ։

Հարցը միայն այն է, թե Ռուսաստանն ինչ հաջորդականությամբ և ինչ ժամանակացույցով է ձեռնամուխ լինելու այդ խնդրին։ Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն ունի այն, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է Ռուսաստանը գործելու Ուկրաինայում։

Եվ ակնհայտ է, որ երբ 2004 թվականին Գրիզլովը Հայաստանում հայտարարում էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, դա ոչ թե պարզապես բառի պատկերավոր ընտրություն էր, այլ ըստ էության ռազմավարական պլանավորման, ռազմավարական հայեցակարգի հատվածային մեջբերում, որը սակայն Հայաստանում կամ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ և նկատել, հետևաբար նաև նախապատրաստվել դրան։

Այսինքն՝ Ռուսաստանի պլանները, Հայաստանի հետ կապված, ծրագրավորված են դեռեւս 2004 թվականից, իսկ միգուցե նաև ավելի վաղ։ Եվ այդ տարիների ընթացքում Մոսկվան ուղղակի քայլ առ քայլ վերցրել է Հայաստանը՝ վիշապի նման, ըստ էության չարժանանալով որևէ դիմադրության։

Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս