Դավութօղլուն դատապարտել է Ուկրաինայի արևելյան մարզերում հանրապետությունների հռչակումը
Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերություններում՝ կապված Ուկրաինայի հետ:
Դավութօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ իրենց էներգետիկ պայմանավորվածությունները հստակ են և իրենք չեն ակնկալում, որ կխաթարվի Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի գազամատակարարումների կայունությունը.
«Անկարան համաձայն չէ Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու հետ: Մենք դա չենք ճանաչում: Անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: ՆԱՏՕ-ն չի միջամտի այդ երկրի ներքին գործերին: Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ»:
Դավութօղլուն դատապարտել է Ուկրաինայի արևելյան մի շարք մարզերում հանրապետությունների հռչակումը. «Դա կառուցողական չէ: Չէի ցանկանա, որ նման զարգացումները, ինչպես դոմինոյի էֆեկտ, ծավալվեին հարակից երկրներում (Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան)՝ իրենց հակամարտություններով (Մերձդնեստր, Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ)»: