Արմեն Ռուստամյան, Հայաստանը ճիշտ է վարվել՝ դեմ քվեարկելով ՄԱԿ-ում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ, Հայաստանը ճիշտ է վարվել՝ դեմ քվեարկելով «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին բանաձևին:

«Այո, ճիշտ ենք արել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվել է քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։ Քվեարկության արդյունքում բանաձևին դեմ է քվեարկել ընդհամենը 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

«Խոսքը գնում է ոչ թե ՌԴ-ի հետ լինելու կամ նրա կցորդի կարգավիճակ ունենալու մասին, այլ՝ ժողովրդի կամքի արտահայտությանը կողմ լինելու մասին, որը գերակա արժեք է, մնայուն է: Ոչ ոք չի կարող ժողովրդի կամքին հակառակ գործել ու հաջողել: Եթե այսօր չեն ընդունում, մեկ է՝ վաղն ընդունելու են: Եթե ժողովուրդը միասնական կամք է արտահայտում, վաղ թե ուշ պարտադրելու է»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ Ղրիմի հանրաքվեն արտահայտել է հենց ժողովրդի ցանկությունը, ուստի ինքը չի կասկածում դրա իսկությանը: «Եղել են խախտումներ, դա բոլոր ընտրությունների, քվեարկությունների ժամանակ էլ կարող է լինել, բայց ինձ համար անըդնունելի է այն մոտեցումը, որ ժողովրդի երկու հատվածները կարող են միավորվել ստիպողաբար կամ կեղծիքներով: Եթե ժողովուրդը դա է ուզում, հակառակը չպետք է անել: Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է, պետք է ելնել սրանից, ելակետը սա է:  Ղրիմը հայտնվել է Ուկրաինայի կազմում Խորհրդային միության ժամանակ ու սրան դեմ խոսելն անիմաստ է: Ճշմարտությունը պետք է ընդունել այնպես, ինչպես այն կա, որքան էլ շատերի համար ցավալի լինի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս