Բաժիններ՝

Բաշխողական համակարգը սոցիալական անարդար համակարգ է, և պետք է շուտ ազատվենք դրանից. ՀՀԿ-ական պատգամավոր

ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթը սկսեց «հարգելի ռադիոլսողներ, հարգելի հեռուստադիտողներ» բառերով և շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին, որ քաղաքական ուժերին համախմբեցին, և այս քննարկումը կայացավ:

«Ինչո՞վ է վատ բաշխողական համակարգը. եթե 3 աշխատող կա և 1 կենսաթոշակառու, այլմոլորակայինների օգնությամբ էլ ծնունդները շատանան, լավ է: Բայց սոցիալական սկզբունքներից ելնելով անարդարություն կա՝ եթե քաղաքացին աշխատել է, քիչ է վճարել, իսկ մյուսը շատ է վճարել, թոշակի անցնելուց ստանում են նույնչափ թոշակ»,- ասաց Հ.Հակոբյանը՝ նշելով, որ դրա համար նպատակահարմար է ուղիղ կապ ստեղծել աշխատավարձի և թոշակի միջև:

Որպես հիմնավորումներ, թե ինչո՞ւ պետք է անցնել նոր համակարգի, Հ.Հակոբյանը մատնանշեց՝ ծնելիությունը պակասել է, արտագաղթն՝ ավելացել, տնտեսությունը զարգացած չէ. «Արժանավայել թոշակ ապահովելու համար համակարգի փոփոխությունն անհրաժեշտ է: Մենք գիտենք, որ 2-3-5 տարում այս խնդիրը լուծելի չէ, դրա համար համամասնորեն համակարգ ենք մշակել: Եթե նույնիսկ մեր տնտեսությունը զարգանար, միևնույն է, բաշխողական համակարգը սոցիալական անարդար համակարգ է, և պետք է շուտ ազատվենք դրանից»:

Հ.Հակոբյանը դեռ չէր ավարտել իր ելույթը, նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և կոչ արեց ոչ թե ներկայացնել, թե ինչու է անհրաժեշտ բարեփոխումը, այլ ըստ էության պատասխանել դիմող կողմի փաստարկներին, թե ինչու պարտադիր կուտակայինը բաղադրիչը հակասահմանադրական չէ:

Հ.Հակոբյանը հայտարարեց, թե կուտակայինը պարտադիր վճար է, հակասահմանադրական ոչինչ չկա: Ըստ նրա՝ սեփականության իրավունքը չի խախտվում, պարտադիր վճարի տեսքով վերցնելով, տնօրինումը չի սահմանափակվում, նրանք մասնակցում են և վտանգ չի սպառնում: Իսկ երաշխիքն, ըստ Հակոբյանի, այն է, որ կա պետություն, ժոովուրդ, որ պետք է ապրի ժամանակի մեջ, այլ երաշխիք չկա:

Հակոբյանը հայտարարեց, որ շուրջ 100 փորձագետներ են ընդգրկվել համակարգի մշակմանը, անգամ «կուտակայինի հայրը 2 անգամ այցելել է» Հայաստան:

Գ. Հարությունյանի դիտարկումը, թե «ի՞նչ է ասել այդ կուտակայինի հայրը», Հակոբյանն անպատասխան թողեց և անցավ ներդրումների խնդրին ու վստահեցրեց, որ գումարները ներդրվելու են ՀՀ-ում ու նպաստելու են աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը կանխելու գործին:

«Մենք ընդունում ենք, որ պարտադիր վճար է, մենք սեփականախլում չենք կատարում: Քաղաքացին իրավունք ունի տնօրինելու գումարները հենց անցնում է թոշակի, կամ հրաժարվում է քաղաքացիությունից»,- ասաց Հ.Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս