Շուշան Պետրոսյան. Հասմիկ Պողոսյանի մասին «թույլ տվեք լռել». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ ԱԺ ամբիոնից, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ագրեսիվ արձագանքեց Շուշան Պետրոսյանի հարցին: Շուշան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվելու Օպերայի տնօրենի ընտրության հարgցում: Պողոսյանն էլ հիշեցրեց, որ ինքը չի առաջնորդվում. «Առաջնորդվում եմ ոչ թե ես, այլ ՊՈԱԿ-ի մասին օրենքը եւ հանձնաժողովը, որն ստեղծվելու է մրցութային ամբողջ ընթացքն անցկացնելու համար, եւ նաեւ, անշուշտ, որոշակի դեր է խաղալու այն հանգամանքը, թե ինչ հայեցակարգեր են ներկայացնելու այն հավակնորդները, որոնք տնօրենի պաշտոնում ներկայացրել են իրենց հայտերը»: Շուշան Պետրոսյանը հակադարձեց, թե պաշտոնապես ներկայացված 9 թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել ծրագիր:
Այս դիտարկումը դուր չեկավ նախարարուհուն, ով հակադարձեց. «Այդպես չի, խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետեւ ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը, այն էլ Օպերայի մրցույթի շուրջ: Ուրեմն` ուզում եմ Ձեզ պաշտոնապես հավաստիացնել, որ ինը փաթեթներն ամբողջությամբ զեկուցվել են, ընդունվել են, կնքվել են օրենքի տառի համաձայն, եւ փաթեթի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է լինեն»: Ապա հորդորեց Օպերայի հարցում առավել զգույշ լինել, որովհետեւ այսօր առաջին անգամ է ընտրվում Օպերայի տնօրենը, այլ ոչ թե նշանակվում: Ինչո՞վ էր պայմանավորված նախարարուհու վրդովմունքը, արդյո՞ք հակասություններ ունե՞ն՝ հարցրինք Շուշան Պետրոսյանին։

«Չէ, չգիտեմ ինչ հակասություն կար, թերթերում անվերջ թեման շահարկվում էր, ես էլ հարց ուղղեցի… որ իրեն դուր չեկավ, ես էլ դա զգացի, իսկ թե ինչու, իրեն հարցրեք»: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այն պայմանավորված է իր՝ մշակույթի նախարար դառնալու հավակնություններով, Շուշանն ասաց.

«Ես երբեւէ նման ցանկություն չեմ ունեցել, այդ նախադասությունն ինձնից չի լսվել, ժողովրդական ֆոլկլոր է, եւ յուրաքանչյուր մարդ երբեւէ այդ ֆոլկլորի հարվածի տակ եղել է»: Մեր հարցին, թե կարծո՞ւմ է, որ ընտրություններն այնպես կանցկացվեն, որ Օպերային արժանի թեկնածու կընտրվի, ասաց. «Ես ուզում եմ հույսեր փայփայել, որ իսկապես պրոֆեսիոնալ եւ արվեստ հասկացող մարդ կլինի, որն ունի շփման, աշխարհի լավագույն թատրոնների հետ աշխատելու, համագործակցելու փորձ»: Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Օպերան ղեկավարելու հավակնություններ ունի նաեւ Հասմիկ Պողոսյանը: Հարցին, թե Հասմիկ Պողոսյանի գնալով Օպերան կշահի՞, Շուշան Պետրոսյանը մի քանի վայրկյան մտածեց ու հավելեց. «Թույլ տվեք լռել
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս