Ոչ միայն քննադատել՝ այլև դատել կառավարությանը. «Առավոտ»
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի այսօրվա խմբագրականում գրում է.
Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլև, կարծում եմ, դատել։ Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը։ Այս նստաշրջնում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը։ Փաստարկը՝ «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում՝ նոր կամայականությունները հնարավոր չէ արդարցնել հին կամայականություններով։
«Կարմիր գծերով» վճարովի ավտոկանգառների հարցում ընդդիմություն իրավացի է մասամբ։
Իհարկե, մեքենաները չպիտի կանգնեն՝ որտեղ ցանկանան, և հատկապես Երևանի կենտրոնում կայանելը պետք է գին արժենա։ Բայց վճարովի կայանատեղիների տերերը պետք է որոշակի ներդրումներ անեն, ոչ թե գումարները ստանան կարմիր ներկի համար։ Մասնավորապես, տեղադրեն ապարատներ, որոնք կտրամադրեն կտրոններ։ Թե չէ՝ հույսը դնել SMS-ների վրա՝ առնվազն անբնական է. ես գիտեմ իմ տարիքի և ինձնից տարիքով մարդկանց, որոնք SMS ուղարկել չգիտեն։
Արագաչափերի և տեսախցիկների հարցում ընդդիմությունը, կարծում եմ, սխալ է։ Ես օրինակ, ուրախանումո եմ, երբ դրանք տեսնում եմ. ևս մի «շտապող տաքսիստ», ևս մի «ֆիքստուլ» կամ «հաբռգած» գոնե այդ տարածքում իրեն զուսպ կպահի։ Հասկանում եմ, որ այս հարցում ես իմ համաքաղաքացիների շարքերում փոքրամասնություն եմ կազմում, բայց կասեմ, քանի որ խնդիր չունեմ պայքարելու տաքսիստների և այլ անկարգ վարորդների քաղաքական համակրանքի համար։
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա խմբագրականում։