Խաղատանն ինչպես խաղատանը. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթ վերլուծական խորագրի ներքո գրում է.
Հայաստանի իշխանությունն ու «հրաշալի քառյակը» մտել են փոխհարաբերությունների շատ հետաքրքրական մի փուլ, որտեղ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ նրանց պետք է ինչ-որ կերպ ժամանակ սպանել մինչև ապրիլի 28-ը, երբ պ այմանավորվածության համաձայն քառյակը պետք է խորհրդարանում բարձրացնի կառավարության պաշտոնանկության հարցը։ Երևի քառյակը հույս չուներ այդքան արագ պայմանավորվել, բայց ստացվեց, և այժմ պետք է մինչև ապրիլի 28 ինչ-որ բանով տաք պահել հանդիսատեսին։
Նույն շահագրգռվածությունն անեն երևի թե իշխանությունները, քանի որ նրանց համար էլ միգուցե անակնկալ էր քառյակի այսքան շուտ՝ ընդամենը մի քանի շաբաթ տևած քննարկումների արդյունքում կայացած համաձայնությունը։ Երևի ՀՀԿ-ն էլ սպասում էր, որ ամիսներ կտևի, մինչդեռ հիմա պետք է ինչ-որ կերպ ժամանակ անցկացնել և միաժամանակ թույլ չտալ, որ հանդիսատեսը ձանձրանա։
Ու սկսվել է՝ մեկ ՀՀԿ-ից է ինչ-որ մեկը ինչ-որ բան ասում քառյակի մասին, մեկ քառյակից է ինչ-որ մեկը պատասխանում ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ից ինչ-որ մեկը գոհություն է հայտնում, որ քառյակը կա և կարոդ է երկրորդ բևեռ ձևավորել, ինչ-որ մեկը կասկածում է, որ այլընտրանքը ընդդիմությանը կկլանի քառյակում, կամ ընդդիմությունը՝ այլընտրանքին։ Հետո հետևում են պատասխանները, քառյակից մեկն ասում է, որ իրենք Բաղրամյան 26-ի պրոյեկտ չեն, այլ իրենց ասողներն են պրոյեկտ, հետո մյուսն ասում է, որ այլընտրանքը ընդդիմությանը կուլ չի տա, և դա ասող ՀՀԿ–ականները կուլ կգնան։ Այսպես շարունակ, իսկական քաղաքական իդիլիա. հիմարը դու ես, չէ, դու ես հիմարը, ապուշը ես չեմ՝ դու ես ապուշը։ Եվ սա ներքին քաղաքականության անցուդարձն է, որին ականատես է լինում հասարակությունը։
Ավելին՝ բանը հասել է նույնիսկ նրան, որ սովորաբար լուռ ու մունջ, ցածրախոս ֆինանսների նախարարն է ԲՀԿ-ի վրա մատ թափ տալիս, հիշեցնում խաղատնային բիզնեսի մասին օրենքը են դրանով ԲՀԿ-ի առաջնորդի ստացած արտոնյալ պայմանները։ Ուրեմն կթվա, որ այս ամենը լրջացնում են խաղը, շատ են լրջացնում, ուրեմն իսկապես ներքին հակասություններն այնպիսին են, որ անգամ լուռ ու մունջ, սովորաբար քչախոս ու ցածրախոս նախարարներն են սկսում բավական ագրեսիվ տոնով խոսել քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։
Իրականում, սակայն, այս ամենը Հայաստանում վկայում է ոչ թե համակարգային, այլ անձնային-խմբային խորքային հակադրությունների մասին։ Այնպես չէ իհարկե, որ այդ հակադրությունները չեն կարող կապ ունենալ հասարակության խնդիրների հետ եւ անդրադառնալ հասարակության կյանքի վրա։ Միմյանց հետ հաշիվներ պարզելով՝ իշխանության ներկա, նախկին, այս և այն թևերը, բնականաբար, կանեն քայլեր, որոնցից կարող է նաև շահել հասարակությունը։ Եվ սա, իհարկե, կարելի է որակել, այսպես ասած, դանդաղ քայլերի մարտավարություն, իհարկե, անհասկանալի է, թե հատկապես ո՞ւմ մարտավարությունը։
Իհարկե, ԲՀԿ-ի գլխավորած քառյակը կարող է հակակշիռ հանդիսանալ ՀՀԿ-ին և ստիպել, որ ինչ-որ հարցերում ՀՀԿ-ն զիջումների գնա, և արդյունքում միգուցե ստացվի այնպես, որ հասարակության «լոտոն» շահի և այդ զիջումները դրական անդրադառնան նաև հասարակության ու պետության խնդիրների լուծման առումով։ Սա միանգամայն հավանական տարբերակ է։ Իհարկե, դժվար է ասել, թե ինչքան է «լոտոն» շահելու հավանականությունը, բայց շահում հաստատ կլինի։ Այլ հարց է, թե հասարակությանն ինչքանով է գոհացնելու այդ շահումը կամ շահումների այդ ծավալն ու հաճախականությունը։
Երբ հասարակության և պետության կարիքները համադրում ենք առկա «խաղարկության մրցանակային ֆոնդի» հետ, ապա տեսնում ենք, որ այստեղ արդեն հասարակությանը գոհացնող քիչ բան կա կամ չկա ընդհանրապես։ Եվ դրա լավագույն վկայությունը հենց խաղատնային այն իրավիճակն է, որի մասին ԲՀԿ-ին հիշեցրել է ֆինանսների նախարարը։ Այսինքն՛ ի՞նչ է նրա հիշեցրածը։ Նրա հիշեցրածը հետևյալն Է՝ մեկիս պոչը մյուսի ոտքի տակ է։ Երբ մեկի պոչը մյուսի ոտքի տակ Է, ապա երկուսը կարող են մի քիչ սեղմել միմյանց պոչերը, սակայն վերջում անկասկած գալու է մի պահ, երբ երկուսի համար Էլ ցավը հասնելու է նույն աստիճանի։ Բայց հենց դրա հաար էլ հնչում են հիշեցումները, այսինքն՝ որպեսզի կողմերը խաղային ազարտի մեջ չհայտնվեն և չկորցնեն մյուսի պոչը տրորելու չափի ու սահմանի զգացումը։
Այդ իմաստով խորհրդանշական է, որ ներկայումս ներքաղաքական պայքար կոչվածի բովան֊դակության մեջ հայտնվեց խաղատների բիզնեսը։ Չէ՞ որ խաղատանն էլ ամենակարևորը չափն ու սահմանը չկորցնելն է։ Բնական է, որ այդ գնահատականները առաջացնում են հարց՝ իսկ ո՞րն է այլընտրանքը, այսինքն՝ ո՞րն է այդ ներիշխանական կամ ներհամակարգային հակադրության այլընտրանքը, մի՞թե ավելի լավ չէ. որ ՀՀԿ-ի դիմաց, օրինակ. ԲՀԿ-ն իր «քառյակով» կա, որովհետեւ հակառակ դեպքում ՀԿԿ-ն մնալու էր մենակ եև անելու էր ինչ կամենա։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։