Արմեն Աշոտյանը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները:
«Համոզված եմ, որ բուհը պետք է շարունակի իր աշխատանքային ուղին. ինչ էլ փոխվի բուհի ենթակառուցվածքային կամ իրավական առումով, բովանդակային փոփոխությունները միտված են լինելու բացառապես այն խնդիրներին, որով աչքի է ընկել բուհը: Այդ առումով` մեծ շնորհակալություն համալսարանի կոլեկտիվին: Ո
ւզում եմ նշել նաև, որ բուհը պատվով է դուրս գալիս եվրոպական հավատարմագրման գործընթացից. այդ մասին է վկայում ֆրանսիական հավատարմագրային գործակալության զեկույցը, և մենք հույս ունենք, որ շուտով կունենանք եվրոպական ամենախիստ չափանիշներին համապատասխան գործընթաց, որը կավարտվի փաստաթղթային ամրապնդմամբ»,-նշել է Ա. Աշոտյանը` անդրադառնալով նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների հնարավոր վերամիավորման խնդրին:
Ըստ նախարարի` ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ` նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու բուհերի ռեկտորների և ուսանողների մասնակցությամբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
«Աշխատանքային խմբի առջև դրված է երկու նպատակ. նախ` կանխատեսել միասնական բուհի ստեղծման պարագայում ինչ վարչական, կրթական համակարգեր կունենանք, կանխատեսել կադրային հոսքերի տեղաբաշխումը, մասնագիտությունների խոշորացման և առհասարակ կրթական գործընթացի կազմակերպումը:
Երկրորդ` համապատասխան կանխատեսում ունենալու դեպքում մանրամասն քննարկել բուհերի և ուսանողների հետ, նախագիծը դնել հրապարակային քննարկման և նոր միայն ներկայացնել ՀՀ կառավարության որոշման: Մենք ուզում ենք, որ գործընթացը լինի արագ, բայց ոչ ի հաշիվ որակի, ոչ մի արհեստականացում. միայն նպատակային և բնական զարգացում:
Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել` բոլոր շահառուների ներկայացումը քննարկվող հարցում պարտադիր է»,-նշել է նախարարը` վերոնշյալ հարցում կարևորելով նաև մասնավոր հատվածի, աշխատաշուկայի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, Ճարտարապետների միության և այլ նմանատիպ կառույցների կարծիքը:
Բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանը իր երախտիքն է հայտնել բուհի կոլեկտիվին`նշելով, որ համալսարանում հավաքված են ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց միավորել է թիմային աշխատանքն ու ընդհանուր նպատակներին հասնելու ձգտումը:
Բուհի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը` ընձեռված վստահության համար` հավաստիացնելով, որ իր օրոք ևս բուհը կշարունակի բռնած ուղին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն