Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի ստացել Ուկրաինայի արտգործնախարարության նոտան

Ինչպես տեղեկացրել ենք` այսօր Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը`հայկական կողմից պահանջելով պարզաբանել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղրիմի հարցում: «Մենք դիմել ենք Հայաստանին, որ նա պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Այնպիսի դիրքորոշման հրապարակումն ու որդեգրումը, որը մենք կորակենք որպես ոչ բարեկամական, բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին:

168.am-ը Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել Ուկրաինայի նոտային: Ի պատասխան մեր հարցին` Տիգրան Բալայանն ասաց, թե արտգործնախարարությունը դեռ չի ստացել նոտան:

«Կստանանք նոտա, կձևակերպենք մեր պատասխանը, հետո կորոշենք` դա կհրապարակայնացնենք, թե ոչ, ըստ մեր նպատակահարմարության»,- ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ղրիմի հարցում իր տեսակետը հստակեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցում, որի ընթացքում Սարգսյանը և Պուտինն արձանագրել են, որ «Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31