Ուկրաինան այսօր նոտա է հղել Հայաստանին. Ուկրաինայի փոխարտգործնախարար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից ճանաչելը բացասական հետևանքներ կունենա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին.
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել նրան, համապատասխան հրահանգ ստացել է Հայաստանում մեր դեսպանատունը:
Այսօր հայկական կողմին նոտա է հղվել, որը պարունակում է մեր դիմումը Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հարցում պարզաբանում ստանալու համար: Մենք դիմել ենք Հայաստանին, որ նա պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը:
Այնպիսի դիրքորոշման հրապարակումն ու որդեգրումը, որը մենք կորակենք որպես ոչ բարեկամական, բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների համար»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսքը գնու՞մ է դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Լուբկիվսկին հայտարարել է. «Երկկողմ հարաբերությունների բացասական հետևանքները կունենան լայն շրջանակ, որը կկիրառվի այն բանից հետո, ինչ մենք կստանանք հայկական կողմի դիրքորոշումը»:
Նշվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 20-ին աջակցել է Ղրիմի ինքնորոշմանը:
Հիշեցնենք, որ «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը երեկ պահանջել է հետ կանչել Հայաստանում ու Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին: