Ինչու է փակվում տուբերկուլյոզային բաժանմունքը
Մինչև այս տարվա ապրիլ կփակվի «Գորիս» բժշկական կենտրոնի՝ 20 մահճակալ ունեցող տուբերկուլյոզային բաժանմունքը. կառավարությունն այս մասին որոշում է կայացրել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջարկով:
Որպես որոշման հիմնավորում` Կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում նշվել էր, որ տուբերկուլյոզային բաժանմունքը հիվանդներով թերի է ծանրաբեռնված, հիվանդները հիմնականում ուղեգրվում են «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր»: Նշված էր նաև, որ «շենքային պայմանները չեն համապատասխանում գործող պահանջներին, և չի գործում վարակի հսկողության ոչ մի բաղադրիչ, ինչի արդյունքում բուժման փոխարեն ապահովվում է վարակի ներհիվանդանոցային տարածումը, ուստի, բաժանմունքը ենթակա է փակման»:
«168 Ժամը» ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էր՝ ինչո՞վ է պայմանավորված մարզերի մի քանի բժշկական կենտրոնների բաժանմունքների փակումը. վերջերս կառավարության որոշմամբ՝ փակվել էր նաև Մեծամորի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը: Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև՝ ինչո՞ւ է Գորիսի բժշկական կենտրոնի տուբերկուլյոզային բաժանմունքի շենքը հայտնվել այդ վիճակում, և քանի՞ բժիշկ է ազատվել աշխատանքից:
Ի պատասխան մեր գրավոր հարցման` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Հայրապետյանը հայտնել է, որ Գորիսի տուբերկուլյոզային բաժանմունքում դեռևս աշխատում են 2 բժիշկ, 6 բուժքույր, 5 սանիտար և 2 խոհարար: «Սյունիքի մարզի «Գորիսի ԲԿ» ՓԲԸ տուբերկուլյոզային բաժանմունքում 2013թ. ընթացքում հոսպիտալացվել և բուժում է ստացել 74 տուբերկուլյոզով հիվանդ, որից 72-ը եղել է քսուք բացասական, ոչ մանրէազատ (ոչ վարակիչ), 2012թ. ընթացքում հոսպիտալացված 88 դեպքերից 85-ն է եղել քսուք բացասական, ոչ մանրէազատ(ոչ վարակիչ):
Ինչպես երևում է տվյալներից, բաժանմունքում առկա է քսուք բացասական, ոչ վարակիչ տուբերկուլյոզով հիվանդների հոսպիտալացման բարձր ցուցանիշ: ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի չափորոշիչ»-ի համաձայն՝ հոսպիտալացման ենթակա են առաջնակի և կրկնակի մանրէազատող (վարակիչ) թոքային տուբերկուլյոզով հիվանդները: Քսուք բացասական, ոչ մանրէազատ տուբերկուլյոզով հիվանդների բուժումը պետք է իրականացվի համապատասխան պոլիկլինիկայում՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի կողմից»,- նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ է բաժանմունքը հայտնվել նման վիճակում, Մարինե Հայրապետյանը նշել է. «ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշման մեջ նախատեսված էր ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել ուսումնական մասնաշենքում, այնուհետև, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի մասնաշենքը վերանորոգելուց հետո բաժանմունքը տեղափոխել պոլիկլինիկա: Սակայն համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերանորոգումը չի իրականացվել»:
Ըստ Մ. Հայրապետյանի` որոշում է կայացվել ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնությունը կազմակերպել «Կապանի բժշկական կենտրոնի» տուբերկուլյոզային բաժանմունքում, անհրաժեշտության դեպքում` նաև նախարարության «Հանրապետական տուբերկուլյոզային դիսպանսերում»:
Անդրադառնալով Մեծամորի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակմանը՝ Մ. Հայրապետյանը նշել է, որ այն 15 մահճակալ ուներ:
«Բաժանմունքը 2010-2012թթ. աշխատել է համապատասխանաբար` 46, 31 և 26 տոկոս միջին տարեկան ծանրաբեռնվածությամբ: Նշված տարիների ընթացքում բժշկական կենտրոնում ծննդաբերությունների թիվը եղել է համապատասխանաբար` 457, 254 և 212, այսինքն՝ բաժանմունքում միջինում օրական մեկ ծննդաբերություն էր ընդունվում: Հարկ է նշել նաև, որ Մեծամորի բժշկական կենտրոնը տեղակայված է բնակչության համար դժվար մատչելի վայրում»,- նշել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ հավելելով, որ Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները փոխանցվել են Արմավիրի բժշկական կենտրոնին: