Ռուսաստանն արդեն իսկ սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների համար. Օբամա և Քեմերոն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, ինչից հետո Սպիտակ տունը հայտարարություն է տարածել:
Դրանում նշված է, որ Օբաման ու Քեմերոնը կարծում են, որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների համար, ինչը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի հանդեպ ներդրումային ոլորտում վստահության անկմանը:
Երկու առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտման կապակցությամբ: Նրանք անընդունելի են համարել ներկայիս իրավիճակը: Օբաման ու Քեմերոնը ողջունել են ԵԱՀԿ-ի հովանու ներքո ռազմական դիտորդական առաքելություն Ուկրաինա ուղարկելը: