Ներկայացվել են համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:
Բացելով հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է: «Համայնքների խոշորացման հարցը տարբեր ձեւաչափերով քննարկվել է, մշակվել ու հաստատվել են հայեցակարգերը, եւ արդեն ժամանակն է, որպեսզի քննարկումներից ու հայեցակարգերից անցում կատարվի գործնական քայլերի»,-նշեց փոխվարչապետը:
Ակնկալվում է, որ խոշորացման բարեփոխումներով համակարգի զարգացման համար նոր նախադրյալներ ու պայմաններ են ստեղծվելու: Բարեփոխումների իրականացումը, ըստ կատարված վերլուծությունների, մի շարք կարեւոր արդյունքներ կարձանագրի, այդ թվում` համայնքների տնտեսական արդյունավետության, ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքական դաշտի հետաքրքրության բարձրացում, ապակենտրոնացման քաղաքականության լիարժեք իրականացման հնարավորության ստեղծում:
Փոխվարչապետը նախաձեռնված հանդիպումները կարեւոր համարեց ընտրված մոդելները բազմակողմանի, բոլոր ուղղություններով քննարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրեց, որ տեղերում նույնպես վերջին շրջանում ինչպես Տարածքային կառավարման նախարարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվում: «Սա այն խնդիրն է, որն, իրոք, պետք է քննարկվի, որի մասին պետք է խոսվի, պետք է ասվի եւ դրականը, եւ բացասականը: Այդ քննարկումների, հանդիպումների արդյունքում է ծնվելու այն արդյունավետ լուծումը, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ընդգծեց փոխվարչապետը:
Այնուհետեւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրեցին խոշորացման երկու` փնջային եւ շրջանային մոդելների հիմնական մոտեցումները, այն նպատակները, որոնց ակնկալվում է հասնել, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները:
Ա. Գեւորգյանն ու Վ.Տերտերյանը պատասխանեցին նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նույն ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն` արդեն կոնկրետ թեմաներ քննարկելու համար: Քննարկումների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին