Բաժիններ՝

Արցախի նախագահ. Արցախահայությունը շարունակում է կառուցել ժողովրդավարական պետություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել փետրվարի 20-ի՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: Փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը:

Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը:

Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ: Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները:

Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ նոր հաջողություններ ու հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:

 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս