Աշոտ Աղաբաբյանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին. Զատո մենակ ինքը կորցնելու բան ունի, էլ ո՞վ ունի որ. ԳԱԼԱ
Շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ փակ համագումարում Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին ու քաղխորհրդի անդամներին, ասել էր. «Ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ իրենց խնդիրները բարձրացնելու համար»: Արդյո՞ք ԲՀԿ կուսակցության ղեկավարի այս հորդորը նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն վերածվելու է իշխանություններին լուրջ այլընտրանքի եւ դուրս է գալու հրապարակային պայքարի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասել է, որ եթե անգամ ԲՀԿ-ն էլ փողոց դուրս գա, ոչինչ փոխել չի կարողանա: Ըստ նրա՝ ընդդիմադիր կուսակցությունների փրկությունը միանալու մեջ է:
«Եթե բոլոր ընդդիմադիր ուժերը բոլորը իրար միանան, իմ կարծիքով, բավականին լուրջ ընդդիմություն կստացվի, եւ դա մեզ էլ է պետք: Բայց չեմ էլ պատկերացնում՝ ԲՀԿ-ն ո՞նց կարող է ընդդիմություն դառնալ: Ճշմարտության չափանիշը պրակտիկան է, սպասենք եւ տեսնենք՝ ինչ կանեն»:
Գ. Ծառուկյանը հայտարարել էր նաեւ, որ իրենց դժվար աշխատանք է սպասվում: Եվ հորդորեց, որ ով պատրաստ է, ուրախ կլինի տեսնել իր կողքին, քանի որ ինքը՝ Ծառուկյանը, ոչնչի մասին չի մտածելու, պատրաստ է ցանկացած զարգացման եւ ցանկացած սցենարի:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Ա. Աղաբաբյանը ասել է. «Կորցնելու բան չունի՞ ինքը, զատո մենակ ինքը կորցնելու բան ունի, էլ ո՞վ ունի որ… Ես լուրջ հետեւություններ չեմ անում, որովհետեւ իրենք էլ լուրջ չեն տրամադրված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: