Էրդողանն Իսրայելին հիշեցրել է թուրքական երրորդ նախապայմանի մասին

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերքել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ թուրք-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն Իսրայելին հիշեցրել է թուրքական երրորդ նախապայմանի մասին.

«Մենք պնդում ենք, որ ստորագրվի արձանագրություն, որով Իսրայելը կպարտավորվի վերջ դնել Գազայի հատվածի (ծովային) շրջափակմանը: Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել հարաբերությունների վերականգնման մասին»:

Հիշեցնենք, որ չնայած 2013 թվականի մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողություն խնդրեց Թուրքիային, այնուամենայնիվ կողմերի միջև հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվել` կապված նրա հետ, որ Իսրայելը դրանով իսկ կատարել է թուրքական երեք նախապայմաններից միայն մեկը:

Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու տուժածներին փոխհատուցելու չափի շուրջ: Բացի այդ, Իսրայելը դեռ չի վերացրել Գազայի հատվածի ծովային շրջափակումը:

Էրդողանն այդ միջադեպի համար Իսրայելին անվանել էր «ծովահեն»` գտնելով, որ նա Միջերկրական ծովում «զբաղվում է ծովահենությամբ», իսկ Ահմեթ Դավութօղուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Դրանից հետո թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման համար Իսրայելին ներկայացրեց վերոնշյալ երեք նախապայմանները: Սակայն Իսրայելը հայտարարեց, որ «Մավի Մարմարայի» համար ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը:

2011 թվականի օգոստոսի կեսին Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը հայտարարել էր. «Ազգային արժանապատվությունն ունի ռազմավարական նշանակություն։ Դա այն է, ինչն անհնար է փողով գնել։ Եթե մենք ներողություն խնդրենք, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը։ Անգամ եթե մենք ներողություն խնդրենք, ապա նա հանգիստ չի թողնի Իսրայելին»:

Տեսանյութեր

Լրահոս