Թուրքիան ու Իսրայելը գրեթե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը. Դավութօղլու

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը գրեթե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը: Դավութօղլուի խոսքերով՝ կողմերը տևական բանակցություններից հետո կարողացել են էական առաջընթաց գրանցել «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ փոխհատուցման չափի հստակեցման հարցում:

Իսրայելը պաշտոնապես ոչ մի կերպ չի մեկնաբանել Դավութօղլուի այս հայտարարությունը: Իսրայելը պնդում է, որ Թուրքիայի խորհրդարանը օրենք ընդունի, որով չեղյալ կհայտարարվի «Մավի Մարմարայի» գրոհին մասնակից իսրայելցի զինվորների ու սպաների նկատմամբ ընդունված դատական որոշումը:

Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որ Թուրքիան վերջ դնի իր հակաիսրայելական քայլերին միջազգային արենայում, ինչը մասնավորապես վերաբերվում է ՆԱՏՕ-ի հետ հրեական պետության համագործակցությունը տորպեդահարելուն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլը գրել էր, որ Իսրայելը 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Թուրքիայի զոհված 9 քաղաքացիների համար առաջարկել է 20 միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն Թուրքիան պահանջել է 30 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս