Ըստ Աշոտ Մանուչարյանի` «ղարաբաղյան կլանը» որքան հնարավոր է` շուտ պետք է հեռանա

«Որ վայրկյանին պատերազմ սկսվեց ղարաբաղյան ճակատում, Ռուսաստանի զորքերը կմտնեն Ադրբեջան»,- այսօրվա ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` Ռուսաստանը կգնա այդ քայլին ոչ թե Հայաստանի համար, այլ այն պատճառով, որ «առիթ է փնտրում, որպեսզի վերջապես իր հակառակորդներին դուրս շպրտի Ադրբեջանից և այդ երկիրը վերցնի իր վերահսկողության տակ»:

Ա. Մանուչարյանի խոսքերով` այդ քայլին դիմելու երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանում վիճակը չափազանց անկայուն է, քանի որ Արևմուտքը գնալով ավելի շատ բարդություններ է ստեղծում Ռուսաստանի համար. «Այդ վիճակում ներքին կառավարելիությունը պահպանելու միակ ելքը արտաքին պատերազմն է, դրա համար նա (Ռուսաստանը,-Ա.Ս.) առիթից չի հրաժարվի»:

Սրանից ելնելով` Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը բացառվում է:

Կարդացեք նաև

«Վերջերս արտաքին գրասենյակներից` դեսպանատներից մեկում, անցել էր մի խորհրդակցություն, որի ժամանակ հնչել էր միտք, թե (Ղարաբաղում,- Ա.Ս.) կարող է պատերազմ սկսվել, բացարձակ սուտ է, արվել է նրա համար, որպեսզի կրկին ժողովրդի վրա տարածեն սարսափ և Հայաստանին պատրաստեն ցանկացած գործարքի, որն առաջարկվում է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Սակայն միաժամանակ նա  ավելացրեց, որ, բացի արտաքին գործոնից` կա նաև ներքին խնդիր, քանի որ Հայաստանում Ղարաբաղը սկսել են խառնել «ղարաբաղյան կլանի» հետ:

«Ղարաբաղյան կլանը շատ կոնկրետ երևույթ է, հրոսակախումբ է, բանդա` մի 10-15 հոգանոց, որը Հայաստանում օգտվել է Ղարաբաղի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքից և զավթել իշխանությունը, զբաղվել կողոպուտով: Այդ կլանը, փաստորեն, 15 տարի կառավարում է Հայաստանը` ամենախայտառակ ձևով հարստահարելով երկիրը: Դրանք կոնկրետ մարդիկ են, ովքեր մեծագույն հանցագործություններ են կատարել երկրի դեմ»,- նշեց Մանուչարյանը:

Վերջինիս խոսքերով` այդ կլանը Ղարաբաղի հետ նույնացնելն անթույլատրելի է: Իսկ նույնացումը, ըստ նրա, երկու ձևով է կատարվել. առաջինը կապված է կենցաղային վերաբերմունքի հետ` ղարաբաղցի-երևանցի:

«Բայց կա նաև երկրորդ հանգամանքը, որ շատ ավելի վտանգավոր է և կարող է կրկնվել. Երևանի անպատասխանատու քաղաքական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի բանաձևեր են վերցրել Ղարաբաղի հարցով:

Թե ինչպես պետք է լուծել ղարաբաղյան հարցը, նրանք վերցնում են Արևմուտքի կլիշեները: Այդ կլիշեն հետևյալն է` լուծել փոխզիջումներով: Այդ փոխզիջումների մեջ մտնում է տարածքների հանձնում, կարգավիճակի առևտուր: Իրենց համար դրանք անհեթեթ վարժանքներ են, որոնցով կարող են Բրյուսելում հանդես գալ, մի գրանտ ստանալ, ղարաբաղցու համար դա մահ է, իր երեխայի սպանությունն իր տանը:

Շնորհիվ երևանցիների այդ փոքր շրջանակի խայտառակ վարքագծի (100-200 հոգի էլ այդ անհեթեթներն են), ղարաբաղյան կլանը կարողացավ թշնամանք ստեղծել երևանցիների հանդեպ, որ երևանցիներն իրենց ուտելիքի, շորի համար կհանձնեն Ղարաբաղը: Եվ մենք ունեցանք Ղարաբաղի հավաքագրումն այդ կլանի շուրջ, կլանն ասաց` մենք գող ենք, ավազակ ենք, բայց Ղարաբաղը չենք հանձնի, երևանցիները կհանձնեն: Այսպիսի ստորագույն հանցագործություն կատարվեց հայ ժողովրդի նկատմամբ` թե´ ղարաբաղյան, թե´ հայաստանյան հատվածով,- ասաց Աշոտ Մանուչարյանը:- Հիմա այս նոր իրավիճակում քաղաքական էլիտաները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որ այդպիսի շահարկում լինի, իսկ դա փորձելու են շահարկել:

Կլանը շահարկելու է դա, որպեսզի երկարացնի իր կյանքը: Բայց որքան բաց խոսենք այդ մասին՝ այնքան լավ, և կլանն իր տեղը կիմանա, որ վերջին տասնամյակում նրա լավագույն գործը կլիներ փորձել որքան հնարավոր է` շուտ և որքան հնարավոր է` մեղմ ձևով հեռանալ: Նրանց դա առաջարկվել է վաղուց, բայց նրանք դեռ կառչում են»:

Տեսանյութեր

Լրահոս