Աշոտ Մանուչարյան. Ելքը միակն է` պատրաստել ժողովրդի համընդհանուր ընդզվում
Այսօր Հայաստանը գտնվում է խիստ դինամիկ վիճակում, և կուտակվել է մեծ փոփոխությունների հսկայական ներուժ: Այս միտքն այսօր հրավիրված ասուլիսում արտահայտեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Շատ նեղ մի արահետ կա, որը երկիրը կարող է բերել հոյակապ մի ճեղքման այս ծանր, անհեթեթ վիճակից` դեպի զարգացման ակոսի: Միաժամանակ մարտահրավերները խիստ բարդ են»,- նշեց նա:
Ըստ Մանուչարյանի` սա պայմանավորված է արտաքին հսկայական ազդեցությամբ և տարածաշրջանում և Եվրոպայից արևելք ընկած երկրներում Արևմուտք-Ռուսաստան առճակատմամբ: Բնականաբար, Աշոտ Մանուչարյանը նկատի ուներ Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ պետություններին, առաջին հերթին` Ուկրաինային և Հայաստանին:
Քաղաքական գործչի կարծիքով` այս երկու երկրներում, տարբերությունների և առանձնահատկությունների հետ մեկտեղ, իրավիճակը նույնն է, և օրինաչափությունները նույնությամբ կրկնվում են. «Օրինաչափությունները հետևյալն են. երկու երկրներում էլ իշխում են փաստացի բանդիտական խմբավորումներ, նրանց զբաղված են միայն երկրի կողոպուտով, նրանք կառավարման ուրիշ ֆունկցիաներ չեն իրականացնում»:
Վերլուծելով վերջին ամիսների իրադարձությունները` Աշոտ Մանուչարյանն ասաց, թե սկզբում Եվրամիությունն էր իր հովանու տակ վերցրել այդ «խմբավորումներին» և փորձում էր տանել դեպի ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրում` բացարձակապես ուշադրություն դարձնելով այդ իշխանությունների որակներին և նրանց մասին ժողովրդի վերաբերմունքի վրա, իսկ հետո Ռուսաստանը, ԵՄ-ի այս քաղաքականությունը դիտարկելով որպես մարտահրավեր իր նկրտումներին, անցավ հակահարվածի և «խլեց» այդ խմբավորումները Արևմուտքի ձեռքից, և ինքը նրանց հետ եկավ ինչ-ինչ համաձայնությունների:
«Արևմուտքն էլ Ուկրաինայում բարձրացրեց իր հետ կապված շրջանակներին և դրանցով բարձրացրեց նաև ժողովրդին, ժողովուրդները թե´ Հայաստանում, թե´ Ուկրաինայում մեծ ատելությամբ են լցված իշխող կառավարող շրջանակների նկատմամբ, և այդ ընդվզումը շատ հեշտ է առաջացնել»,- վիճակն այսպես գնահատեց Ա. Մանուչարյանը:
«Հիմա մենք գտնվում ենք սպասման մեջ, ակնհայտ է, որ այդ ընդվզման պոտենցիալը կուտակվում է, բայց մենք, անկախ նրանից, թե ինչ կանի Արևմուտքը, ինչ կանի Ռուսաստանը և այլն, պետք է հստակ պատկերացնենք այս իրավիճակը` եթե մի փոքր սխալ կատարվեց, և իշխող համակարգը կարողացավ դա Ռուսաստանին ներկայացնել որպես ընդզվում իր դեմ, ապա մենք կստանանք Մարտի 1-ի նման իրավիճակներ: Ելքը միակն է` պատրաստել ժողովրդի համընդհանուր ընդզվում, որը պետք է տեղի ունենա մեկ օրում, խիստ պատասխանատու պետք է գործեն քաղաքական, հասարակական բոլոր ընտրանիները, և այդ ընդվզումը պետք է բերի ժողովրդի իշխանության վերականգմանը»,- ասաց նա:
Հարցին, թե ե՞րբ պետք է սկսվի այդ ընդվզումը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ դա կապված է 2014թ. մայիսին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախապատրաստման, այնուհետև Եվրասիական տնտեսական միության հիմնադրման հետ, ուստի «այն, ինչ պետք է կատարվի, պետք է կատարվի մինչև մայիս»:
«Ժողովուրդն ընդվզման պատրաստ է ցանկացած վայրկյանի, սարսափելի ատելությամբ է լցված իշխող շրջանակների հանդեպ, և բացարձակապես անընդունելի է համարում ստեղծված իրավիճակը… Պետք է առաջնորդող ուժ, և դրանք կլինեն կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կամ դեռևս անհայտ ուժեր, որոնք կարող են կյանքի կոչվել: Իսկ արտաքին ներուժը մեծ է, հայ ժողովրդի ներուժն էլ` տասնապատիկ և հարյուրապատիկ ավելի մեծ: Այս վիճակում ամեն վայրկյան ինչ-որ տեղից կարող է անսպասելի մի բան ծնվել և սկսվել անսպասելի մի իրադարձությամբ»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը: