Ինչու են իշխանությունները գաղտնի պահում «ճանապարհային քարտեզը» (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել Մաքսային միությանը միանալու միջոցառումների՝ «ճանապարհային քարտեզը», ծրագրի իրագործման գործողությունների մասին փաստաթուղթը ձեռք բերելու, ուսումնասիրելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը  հավանության է արժանացրել Հայաստանի` Մաքսային միությանը և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների՝ «ճանապարհային քարտեզի», ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, սակայն, իշխանությունները շարունակում են գաղտնի պահել «ճանապարահային քատեզի» բովանդակությունը:

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ճանապարհային քարտեզի» բովանդակությանը ծանոթ չէ ոչ միայն հասարակությունը, Ազգային ժողովը, այլև՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

«Չնայած կառավարության ընդունած որոշումները անգամ նախագծի տարբերակով դրվում են կայքում, բայց այդ դեպքում «ճանապահային քարտեզը» կամ դրա հետ կապված գործողությունների ծրագիրը հրապարակված չէ: Պարզվում է, որ դրան ծանոթ չէ ոչ միայն հանրությունը, ոչ միայն խորհրդարանը, այլև՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Կարծում եմ, որ մենք մեր դիրքորոշումները օր առաջ ճշտելու հնարավորություն պետք է ունենանք, ուստի արժի տալ տեղեկատվություն: Ես առաջարկում եմ, եթե մեկ-երկու օրվա ընթացքում այդ փաստաթուղթը չի հրապարակվելու, մենք հանձնաժողովով միջոցներ ձեռնարկենք՝ ունենալու և քննարկելու այն»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Կարդացեք նաև

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասելով. «Կգա ժամանակը և մենք, եթե ոչ խորհրդարանական լսումներ, ապա հանձնաժողովում կկազմակերպենք աշխատանքային քննարկում»:

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ փաստաթուղթը հրապարակային չէ, քանի որ այն դեռևս վերջնական տեսքի չի բերվել:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ եթե անգամ կառավարությունը գտնում է, որ փաստաթուղթը հրապարակման ենթակա չէ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է ծանոթ լինի դրան: «Հանձնաժողովը իրավունք ունի աշխատանքային տեքստին ծանոթանալ՝ չհրապարակելու պայմանով»,- նշեց Արզումանյանը:

Արտակ Զաքարյանն էլ խոստացավ, որ մինչև փաստաթղթի պաշտոնական հրապարակումը հանձնաժողովը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե խնդիրը նրանում է, որ կառավարությունն ընդունել է ոչ գաղտնի որոշում, որը, փաստորեն, հրապարակային էլ չէ. «Կառավարության որոշումները լինում են փակ և հրապարակային: Հիմա այս որոշումը փակ չէ, բայց հրապարակային էլ չէ: Սա է խնդիրը: Եթե գաղտնի է, թող գրեն՝ գաղտնի, իմանանք, որ գաղտնի է, եթե գաղտնի չէ… ես զանգել եմ կառավարություն և ինձ ասել են, որ կա խմբագրական բնույթի խնդիր, կհրապարակվի: Բայց իրենց ասած ժամկետով արդեն իսկ չի հրապարակվել»:

Արտակ Զաքարյանն էլ ասաց, թե ինքը հասկանում է, որ խոսքը ոչ թե «ավելորդ հետաքրքրասիրության մասին է», այլ՝ աշխատանքը կազմակերպելու:

Տեսանյութեր

Լրահոս