«Գրիբոյեդովի» ակումբի իրական անդամները

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի գործունեությունն է: Դրա մասին արդեն իսկ հնչել են բազմաթիվ գնահատականներ, չնայած, առանց դրանց էլ՝ առավել քան պարզ է, թե ինչու է ռուսական իշխանությունների կարկառուն գաղափարախոսներից մեկը Հայաստանում ամենամսյա հավաքներ կազմակերպում՝ դրանց մասնակից դարձնելով իբր թե հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող գործիչների: Նպատակը, բնականաբար, եվրասիականությամբ քողարկվող պուտինյան իմպերիալիզմի համար Հայաստանում համապատասխան ֆոն ապահովելն է:

Բայց այդ հավաքների նպատակը հաստատ հանրային կարծիքի վրա ազդելը չէ՝ երկու պատճառով: Նախ՝ Հայաստանում հանրային կարծիք՝ բառի դասական իմաստով, գոյություն չունի: Հանրային կարծիք, որպես այդպիսին, իհա՛րկե կա ցանկացած հարցի առնչությամբ, բայց քանի որ այն որևէ կերպ չի ազդում որոշումների կայացման վրա, չի կատարում այդ հասկացության հիմնական գործառույթը: Իսկ ազդել մի բանի վրա, որը գործնականում չի գործում, իմաստ չունի:

Բացի այդ, բոլոր այն անունները, որոնք մամուլում նշված են՝ որպես «Գրիբոյեդով» ակումբի մասնակիցներ, անգամ ազդեցություն չունեցող հանրային կարծիքի վրա ազդեցություն չունեն: Սակայն, եթե նշված ու հեռուստաէկրաններում երևացող այլ դեմքերի ռուսները պարբերական ինստրուկտաժ չանեն, ապա գոնե տեսականորեն վտանգ կա, որ նրանք կարող են «սխալ բաներ խոսել»: Այսինքն՝ իրականում կիսելյովյան այդ հավաքներն ավելի շատ՝ կանխարգելիչ, քան թե՝ քարոզչական նպատակներ ունեն:

Ռուսները գոնե կարճաժամկետ հատվածում Հայաստանում եվրասիականության ու Մաքսային միության քարոզչության խնդիր չունեն, քանի որ վերահսկում են ինչպես՝ գործող իշխանությանը, այնպես էլ՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի մեծ մասին: Իսկ քաղաքական առումով Պուտինի համար վտանգ կարող են ներկայացնել ոչ թե առանձին անհատներ, այլ կուսակցությունները, որոնք մի կողմից՝ արդեն իսկ բավականաչափ վարկաբեկված են, մյուս կողմից՝ Ռուսաստանին վերաբերող ցանկացած հարցում երբեմն գերազանցում են իշխանություններին: Օրինակներ՝ որքան ցանկանաք:

Սկսած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երկակի հավաստիացումներից, որ «մենք Պուտինին հայհոյելու իրավունք չունենք», վերջացրած ավելի ցածր կարգավիճակի ընդդիմադիրներով:

«Հայկական Եվրամայդանը հեռու չէ: Վաղը կարող են շատ հանգիստ Եվրամայդանը Երևանի կենտրոն բերել: Այսօր ամեն քայլափոխի դատապարտում են Ռուսաստանին, պատեհ-անպատեհ խոսում են ռուսական վտանգի մասին: Եթե ԵՄ-ն այդքան լավն էր, ինչո՞ւ մինչև հիմա կացնահարված հայ երիտասարդի պատմությանը հետամուտ չէ». եթե որևէ մեկը կարծում է, թե սա մեջբերում է, ասենք, Արտաշես Գեղամյանի հայտարարությունից, ապա չարաչար սխալվում է:

Նման հայտարարություն այսօր արել է ՀԱԿ նախկին անդամ, ՍԴՀԿ նախկին ղեկավար անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ շեշտելով, որ «Բաղրամյան 26-ի ծնունդ հանդիսացող շատ հ/կ-ներ ուզում են ուկրաինական Մայդանը բերել Հայաստան»: Այս գործիչն իշխանությունների մասին խոսելիս՝ «քարը քարին չի թողնում», անողոք քննադատության է ենթարկում Սերժ և Տիգրան Սարգսյաններին…

Բայց նա «Եվրամայդանի» ու Հայաստանում դրա հնարավոր ծավալման մասին խոսում է այնպես, ինչպես գուցե իրեն թույլ չի տա արտահայտվել անգամ Կիսելյովի ֆուշեթների մասնակիցներից որևէ մեկը: Կամ, ասենք, Եղիազարյանի նախկին կուսակից, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը համագումար է անում, նոր ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում, կրկին անուն առ անուն քննադատում է իշխանություններին և հայտարարում… որ իր նորաստեղծ կուսակցությունը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս օրինակները կարելի է շարունակել: Եվ ՀԱԿ-ում, և ՀՅԴ-ում, անգամ «Ժառանգությունում» կան գործիչներ, ովքեր ներքին հարցերում հանդես գալով անհանդուրժող ընդդիմադիրի դիրքերից՝ միանգամայն այլ կեցվածք են ընդունում, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին ու Պուտինին:

ԲՀԿ-ի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Այսինքն՝ լայն իմաստով, իրենց դերակատարությամբ՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամ կարելի է համարել Հայաստանի ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Այլ հարց է, որ դա արժանվույնս չի գնահատվում, և «Գրիբոյեդովի» ճոխ հավաքներին նրանցից շատերը չեն հրավիրվում:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրա ներկայացուցիչները ոչ թե «Գրիբոյեդով», այլ «Պուտին» ակումբի անդամներ են: Պարզապես սեպտեմբերի 3-ից հետո այդ ակումբը նախկին էնտուզիազմով չի գործում: Ըստ ամենայնի, այն պատճառով, որ այլևս Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ համարվում է Պուտինի ակումբ:

Տեսանյութեր

Լրահոս