ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն իրականացվում էր «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ:
Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։ Նրանցից շատերը «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի նախկին մասնակիցներ էին:
ՀՀԿ ԵԿ անդամ Լիլիթ Բեգլարյանի կարծիքով՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ» դասընթացը հսկայական փորձ է հաղորդում երիտասարդ քաղաքական գործչին։ «Հնարավորություն է ընձեռվում շփվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ունենալ քննարկումներ, ինչը բարձրացնում է հետագա կուսակցական և մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը»,- ասում է Լիլիթ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դասընթացի 3-րդ մասում երիտասարդները քննարկում էին տնտեսական և սոցիալական հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել երիտասարդության շրջանում գործազրկության խնդրին, կենսաթոշակային համակարգին, երիտասարդներին ընձեռված հնարավորություններին, կրթական, առողջապահական ոլորտներին։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակ շնորհանդեսի տեսքով ներկայացնում էր սոցիալ-տնտեսական ոլորտներում իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները։
«Երիտասարդ առաջնորդներ» դասընթացը հաջող ավարտելով՝ մասնակիցները ստացան վկայականներ և քաղաքական կրթության անձնագրեր:
»Ռոբերտ Շուման» ինստիտուտի հետ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը շարունակական է:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն