Բաժիններ՝

Մենք պայքարում ենք նաև հայերի ազատության համար. Աբդուլլահ Օջալան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայերին:

Դրանում Օջալանը նշել է, որ 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացվել է սարսափելի ցեղասպանություն, սակայն հայերին հաջողվել է պայքարի ու մեծ ջանքերի շնորհիվ ոտքի կանգնել:

Օջալանը պարզաբանել է, որ երբեք բացասական վերաբերմունք չի տածել հայերի նկատմամբ՝ ընդգծելով, որ իր կողմնակիցները պայքարում են ոչ միայն քրդերի, այլև՝ հայերի ու տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների ազատության ու հավատի համար: Նկատի ունենալով 30-ամյա պայքարից հետո խաղաղության հասնելու իրենց ձգտումները՝ Օջալանը նշել է, որ դա չի վնասի որևէ ժողովրդի:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հունիսի 29-ին թուրքական դատարանը Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («ահաբեկչական կազմակերպություն հիմնել և ղեկավարել») Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:

2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը, պարզաբանելով, թե ինչու ժամանակին իրենք մահապատժի չենթարկեցին Օջալանին, հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս