Թուրքիան վերստին երկարաձգել է զենիթա-հրթիռային համալիրների վերաբերյալ մրցույթի ժամկետը

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան վերստին երկարաձգել է մեծ հեռահարություն ունեցող զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման մրցույթի համար հայտեր ներկայացնելու ժամկետը: Այժմ միմյանց հետ մրցակցող ընկերությունները կարող են թուրքական կողմին իրենց առաջարկները ներկայացնել մինչև ապրիլի 30-ը:

Դա ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերություններին և իտալա-ֆրանսիական Eurosam կոնսորցիումին հնարավորություն կտա թարմացնել իրենց հայտերը: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի թուրքական այցի շրջանակներում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հանդիպել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության գործակալության (SSM) ղեկավար Մուրադ Բայարի հետ և քննարկել է ԶՀՀ-ների հարցը:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ Eurosam-ի ու Raytheon-ի ներկայացուցիչները մշտական շփումների մեջ են SSM-ի հետ: Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ յուրաքանչյուր այլ հավակնորդի առաջարկները դիտարկվելու են այն դեպքում, եթե չինական կողմի հետ պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցություններն անհաջողությամբ ավարտվեն մինչև ապրիլի 30-ը:

Ակնկալվում է նաև ԶՀՀ-ների հարցն իր իտալական այցի ժամանակ քննարկելու է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 2013 թվականի սեպտեմբերին Թուրքիան հայտարարել էր, որ մեծ հեռահարությամբ ԶՀՀ-ների շուրջ անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել է չինական  China’s Precision Machinery Import and Export Corp. ընկերությունը: Սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ճնշման տակ հարկադրված եղավ մրցույթի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի հունվարի 31-ը:

Տեսանյութեր

Լրահոս